Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը, շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանն ու Երթևեկության գծով տնօրեն Սամվել Ծառուկյանն այսօր «Հանրապետության հրապարակ» կայարանում վերագործարկել են վերանորոգված և արդիականացված շարժասանդուղքը։
Գլխավոր տնօրենի պաշտոնակատարի հրամանի համաձայն՝ ս․թ․ հունվարի 11-ից մինչ այսօր «Հանրապետության հրապարակ» կայարանը սպասարկում էր երկու շարժասանդուղք․ երրորդ շարժասանդուղքը նորոգման փուլում էր։ Շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանի խոսքով՝ նորոգման աշխատանքները լիակատար ավարտվել են։ Նա ընդգծել է նաև, որ նոր սերնդի աստիճանների տեղադրումը Երևանի մետրոպոլիտենի շահագործումից ի վեր կատարվել է առաջին անգամ, և հավելել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում, ի լրումն վերոնշյալի, իրականացվել են նաև քարշի շղթայի և 171 աստիճանի փոխարինման աշխատանքներ։
Ս․ Եղիազարյանը միաժամանակ տեղեկացրել է, որ կատարված համալիր աշխատանքների արդյունքում Երևանի մետրոպոլիտենն ունենալու է առավել ապահով, անաղմուկ և ժամանակակից պահանջներին համապատասխանող աստիճանաժապավեն։
Շնորհակալություն հայտնելով մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական ծառայության աշխատակիցներին՝ սեղմ ժամկետներում իրականացված սրտացավ աշխատանքի համար, մետրոպոլիտենի տնօրինությունը շահագործեց շարժասանդուղքն ու բարի երթ մաղթեց բոլոր ուղևորներին։