Հայաստանում կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքերը 2022-ին նվազել են: Հայտնաբերվել է 297 դեպք, 21-ին այդ թիվը եղել է 451: Միայն Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախորդ տարի 96 վարույթ է նախաձեռնվել, որոնցով մեղադրյալների ու կալանավորների թիվը 8-ն է:
Հենց այս վարույթներով կեղծ թղթադրամներ իրացնելու տարբեր մեխանիզմներ են բացահայտվել: Օրինակ՝ List.am կայքի միջոցով կեղծ թղթադրամով թանկարժեք բջջային հեռախոսներ են գնել: Ընդ որում՝ քննիչի խոսքով՝ գնման նպատակով հանդիպելու համար տվյալ անձինք քաղաքացիներին զանգահարել են Whatsаpp կամ Viber հավելվածի միջոցով:
Նարեկ Մարտիրոսյան (Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ) - Հանդիպելով քաղաքացիներին` նրանց առաջարկած գումարի վերաբերյալ չեն սակարկում, որից կեղծ արտարժույթը տրամադրում են քաղաքացուն և, վերցնելով նշված սարքը, այս դեպքում՝ բջջային հեռախոսը, հեռանում են դեպքի վայրից:
Արդեն փոխանակման կետում, երբ քաղաքացին փորձել է արտարժույթը վերածել դրամի, հասկացել է, որ հափշտակության զոհ է դարձել: Ի դեպ, նաև կեղծ մետաղադրամների բացահայտված դեպքեր կան:
Նարեկ Մարտիրոսյան - Պարզվել է, որ կենտրոնական բանկում դրամանիշների վերահաշվարկման ժամանակ հայտնաբերվել են կեղծ մետաղադրամներ, այդ թվում` 500 անվանական արժեքով մետաղադրամներ և 200:
Կեղծ թղթադրամների վերաբերյալ վերջին քրեական գործերի հատորներից քննիչը բացահայտում է ներկայացնում:
Նարեկ Մարտիրոսյան - Պարզվել է, որ 3 քաղաքացի, նախնական համաձայնությամբ, պատրաստել, պահել և տեղափոխել են 200 ԱՄՆ դոլար կեղծ արտարժույթ:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ կեղծ թղթադրամները պահել են Երևանի տներից մեկում:
Նարեկ Մարտիրոսյան - Ի սկզբանե մեղադրյալներից մեկը մեկ այլ մեղադրյալի իրացրել է 4 հատ 50 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամներ, որպեսզի վերջինս իր ունեցած հնարավոր տարբերակներով, այդ թվում՝ նաև արտերկրից ՀՀ ժամանած տուրիստներին, այդ կեղծ թղթադրամները իրացներ:
Նախաձեռնված վարույթի շրջանակում իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի քանի հասցեում, հայտնաբերել միայն մեկ 50-դոլարանոց կեղծ թղթադրամը:
Քննիչի խոսքով` մեղադրյալներից 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հանցախմբի կողմից իրացնելու նպատակով խոշոր չափի կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու, ձեռք բերելու համար օրենքը նախատեսում է պատիժ` 6-12 տարի ժամկետով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան: