Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ և տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է՝ ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի ԱԺ-ի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Իսլանդիայի վարչապետից հետաքրքրվել՝ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառույցում իսլանդական նախագահությունը՝ այս խախտումների կապակցությամբ: Կատրին Յակոբսդոուտիրը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն և պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան:
Կատրին Յակոբսդոուտիր (Իսլանդիայի վարչապետ) - Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը աճող մտահոգության տեղիք է տալիս: Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես նախարարական կոմիտեում նախագահող, հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ կոչ անելով լիարժեքորեն վերականգնել տեղաշարժի ազատությունը և հաղորդակցությունը:
Նա նաև մտահոգություն է հայտնել մեկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված ոչ կայուն հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու բանալին, իհարկե, երկխոսությունն է, և նախարարների կոմիտեն կշարունակի հետևել այդ զարգացումներին։ Սա պարզ խնդիր չէ։