Հայաստանը և Եվրամիությունը սկսում են քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսություն. այս նպատակով մեր երկիր է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան: ԵՄ պաշտոնյան շեշտեց՝ երկխոսության նման ձևաչափը երկկողմ հարաբերություններում առաջին անգամ է գործարկվում:
Էնրիկե Մորա (ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ) - Սա ևս մեկ կարևոր ցուցիչ է, թե որքան ենք իրականում հետաքրքրված երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: ... Անկեղծորեն կարծում եմ, որ մենք նման լավ հարաբերություններ երբևէ չենք ունեցել, մենք երբևէ այսքան մոտ չենք եղել, որքան հիմա:
Մորան անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայման հարցին, վստահեցրեց՝ հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգությունը մտահոգում է Եվրամիությանը: Առաքելությունը պետք է պայմաններ ապահովի մարդկանց անվտանգության համար: Կտևի 2 տարի, բաղկացած կլինի 100 դիտորդից:
Էնրիկե Մորա - Նման երկխոսությունը իրականում միջոց է՝ ավելի լավ հասկանալու մեկը մյուսին: Այն նաև ներառում է անվտանգային կարևոր բաղադրիչ, որի շրջանակում փորձի փոխանակում է տեղի ունենալու: Հենց այդ պատճառով Եվրամիությունը, որպես անվտանգության երաշխավոր, կտեղակայի քաղաքացիական առաքելություն այստեղ՝ վստահության ձևավորման, իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:
Էնրիկե Մորան խոսեց նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ընդգծելով եվրոպական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու սահմանների հստակեցման գործընթացին:
Էնրիկե Մորա - Երկխոսության շրջանակում պետք է խոսենք այնպիսի թեմաների մասին, ինչպիսին է, օրինակ, սահմանների սահմանազատումը: Մենք կարող ենք օգնել շատ խնդիրների լուծման հարցում: Սա է մեր հիմնական մտադրությունը: Ի վերջո, իսկապես ցանկանում ենք երկարաժամկետ խաղաղություն և հաշտեցում երկու երկրի միջև:
ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՕՐ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ. ԷՆՐԻԿԵ ՄՈՐԱ
Պաշտոնյան չշրջանցեց նաև Ադրբեջանի կողմից արդեն ավելի քան մեկուկես ամիս Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հարցը:
Էնրիկե Մորա - Ունենք կաթվածահար վիճակ Լաչինի միջանցքում: Մենք շատ լավ գիտակցում ենք դրա մարդասիրական հետևանքները: Իսկապես փորձում ենք ինչ-որ կերպ օգնել այս իրավիճակի պատճառով շրջափակման մեջ հայտնված հայերին:
Լաչինի միջանցքով բացման անհրաժեշտության մասին Եվրամիությունը բազմիցս բարձրաձայնել է ադրբեջանական կողմի հետ ունեցած շփումներում: Մորայի խոսքով՝ ԵՄ-ն կարծում է, որ ԼՂ շրջափակումը օր առաջ պետք է դադարեցվի, դա հազարավոր մարդկանց կյանքի հետ է կապված:
Էնրիկե Մորա - Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սա տարիներ առաջ տեղի ունեցած պատերազմին հաջորդած պայմանավորվածությունների հետևանք է: Ինչպես տեսնում ենք, ռուսական խաղաղապահ զորախումբն առնվազն արդյունավետ չէ: Եվ մենք, իսկապես, շահագրգռված ենք Ադրբեջանի հետ զրուցելու շրջափակումը դադարեցնելու հարցով, քանի որ, այո՛, ստեղծված իրավիճակի պատճառով մարդիկ են տառապում:
Որպես Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում ԵՄ գլխավոր բանակցող՝ Մորան ընդգծեց՝ բանակցային գործընթացի քաղաքական միջավայրը վերջին ամիսներին բարդացել է: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դեռ ակնկալում է, Իրանի միջուկային գործարքի վերականգնման համաձայնագիրը վաղ թե ուշ կստորագրվի: