Գործադիր և օրենսդիր մարմինների, ՀՀ-ում դիվանագիտական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում խնամատարություն ստանձնած ծնողները ֆիլմի միջոցով ծանոթացել են Չինաստանում ապրող՝ առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաներին խնամատար ընտանիքներում տեղավորելու պատմություններին։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, որի հերոսը՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը, և նախաձեռնության մյուս ներկայացուցիչները նախարար Մկրտչյանի հրավերով ժամանել են Հայաստան՝ ֆիլմի ցուցադրմանը ներկա լինելու և սեփական փորձով կիսվելու համար։
Միջոցառման շրջանակում Նարեկ Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ նախարարությունը նպատակ ունի Հայաստանում հնարավորինս զարգացնել խնամատարության ինստիտուտը, և հնարավորություն տալ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ապրել ընտանիքում:
«Հայաստանում շուրջ 105 երեխա արդեն իսկ ապրում է խնամատար ընտանիքներում, և մենք լիահույս ենք, որ նրանց թիվը գնալով կավելանա։ Իրազեկվածության բարձրացման, լավագույն փորձի փոխանակման նպատակով՝ Հայաստան ենք հրավիրել մարդկանց, որոնք տարբեր երկրների կառավարությունների օգնել են ոչ միայն քաղաքականության մշակման գործընթացներում, այլ նաև հենց իրենք իրականացրել ու դարձել են հերոսական օրինակ՝ իրենց ջանքերով Չինաստանում զարգացնելով այս ինստիտուտն ու ավելի քան մեկ միլիոն երեխայի պարգևելով ընտանիքներ»,- նշել է նախարարը։
Փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է այդ պատմությունը, արժանացել է միջազգային արձագանքի՝ ընդգրկվելով տարբեր կինոփառատոներում, դառնալով բովանդակություն մի շարք գրքերի ու հոդվածների համար։