ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է:
Այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը և Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ:
Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Կատարի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` խարսխված փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա: Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը: Երկու բարեկամական խմբերի միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Բարեկամական խմբի ղեկավարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն:
Նշելով, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը կարևոր կամուրջ էր երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում` Վահագն Ալեքսանյանը կարևորել է Երևանում Կատարի դեսպանության հիմնումը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության և խաղաղության խնդիրներին: Նշվել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն արդեն մեկուկես ամիս պահում է շրջափակման մեջ: Ներկայացվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ Կատարը` որպես Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկիր, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցում իր աջակցությունը կունենա:
Կատարի գործընկերները բարձրացրել են կրոնական անհանդուրժողականության հարցը:
Կողմերը քննարկել են նաև տնտեսական հարաբերությունների և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հայ պատվիրակները Կատարի գործընկերներին սիրով հրավիրել են Երևան: