Հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2023 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը։
Փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։
ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի կարգավիճակից բխող լիազորությունների կատարմանն Արսեն Այվազյանն անցնելու է հունվարի 26-ից։
Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Խորհրդի նախկին նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին նախորդ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորընտիր նախագահին։