Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին:
«Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, քննության ավարտի կոնկրետ ժամկետներ կան:
«Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու: Դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ:
Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բլանկետային նորմերը և քրեաիրավական նորմերը՝ հասկանալու, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:
Բացի դրանից՝ զինդատախազը հրաման է արձակել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում կենցաղավարման կանոնների, կեցավայրի պայմանների հետ կապված, օրինակ՝ ինչո՞վ են ապահովված ծածկերը, կա՞ արդյոք 2-րդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում ականատես եղանք:
Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակն է: Մյուս բոլոր վարկածները ստուգվում և բացառման կարգով քննությունն իրականացվում է: Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե այս պահի դրությամբ ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է»,- ասաց նա:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ավելացրեց.
«Բոլոր հարցաքննված վկաները վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշված՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: 2 օր առաջ օրապահը, որն անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել այդ վարկածը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե այս պահին որ վարկածն է հիմնավորվում:
«Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել, փայտեր է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի: Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի:
Սպան դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է սպայի հագուստը, տարան, տարածքը՝ բռնկված վիճակում»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ քննությունը պետք է լինի ամբողջական, իրավապահները որևէ բանով կաշկանդված չեն: