Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամն Արցախում ծավալվում է ամբողջ թափով:
Հայաստանի վարչապետն ընդգծեց նաև այն փաստը, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում երեխաները զրկված են կրթության իրավունքից:
«ԼՂ նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն 1 ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում:
Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Այս անգամ, սակայն, կորոնավիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունները»: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 տոկոսով, և այսպես շարունակ:
Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է:
Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց նաև, որ ԼՂ-ում էլեկտրականության հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը: Բնակչությանն էլեկտրաէներգիա է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:
«Այս ամենով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական հոգեբանական ճնշումը հասցնել մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն:
Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ հայության էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում: Այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, և որն աշխարհում լայնորեն տարածվեց:
Բայց ԼՂ հայությանը իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք շատ էմոցիոնալ ենք տանում, բայց պիտի կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»,- ասաց Փաշինյանը: