ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի հետ հեռախոսազրույցում քննարկել է արևմտյան երկրների ռազմական օգնությունը Կիևին՝ նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ: Պաշտոնյաները կանխատեսումներ և գնահատականներ են հնչեցրել Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ: Միլլին վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցությունը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ հեռախոսով քննարկել է Կիևին Ամերիկյան M1 Abrams տանկերի մատակարարման հարցը:
Նախօրեին ԱՄն նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ 31 միավոր Abrams տանկեր մատակարարելու որոշման մասին: Բայդենը, սակայն, շեշտել է, որ Ռուսաստանի վրա հարձակման վտանգ տանկերի մատակարարումը չի պարունակում: Իր հերթին Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային 14 Leopard 2 տանկ կուղարկի գերմանական զինված ուժերի պաշարներից և այլ երկրներին վերաարտահանման թույլտվություն կտա: Ուկրաինային տանկեր փոխանցելու մտադրության մասին հայտարարել են նաև Նորվեգիան, Սլովակիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը:
ՃԱՊՈՆԻԱՆ H-2A ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ճապոնիան իրականացրել է H-2A հրթիռի արձակումը՝ նոր հետախուզական արբանյակով, որը նախատեսված է նաև ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին հետևելու համար: Radar 7 անվանումով սարքը պետք է մտնի արդեն գոյություն ունեցող ութ հետախուզական արբանյակների խմբավորման կազմի մեջ։ Ճապոնիան հետախուզական արբանյակների արձակման պետական ծրագիրը նախաձեռնել էր 1998 թ., երբ Հյուսիսաին Կորեան գործարկել էր Taphodon 1 հրթիռը: Այդ ժամանակից ի վեր ծրագրի շրջանակում արձակվել է ավելի քան 15 արբանյակ, որոնց մի մասն այլևս չի օգտագործվում շահագործման ժամկետի ավարտի պատճառով:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Հունաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին անվստահություն հայտնելու միջնորդություն է ներկայացրել՝ նրան մեղադրելով քաղաքական դաշնակիցների և հակառակորդների զանգվածային գաղտնալսումներ կազմակերպելու համար, գրում է Reuters-ը:
Դատախազությունը դեռ քննում է գործը: Այն հարուցվել է դեռ անցած տարվա օգոստոսին, երբ սոցիալիստական ՊԱՍՈԿ կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունը գաղտնալսել է իր խոսակցությունները 2021 թվականին: Ձախակողմյան թերթերից մեկը հայտնել էր, որ ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ նախարարներ, գտնվել են պետության հսկողության տակ՝ հեռախոսների հատուկ ծրագրերի օգնությամբ։
Ընդդիմությունն անվստահություն հայտնելու քայլին դիմել է այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գարնանը: Սոցիոլոգիական հարցումներով առաջատարը Միցոտակիսն է։ Վարչապետը հերքել է որևէ իրավախախտում և հայտարարել, որ տեղյակ չի եղել Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման մասին: Քվեարկությունը տեղի կունենա խորհրդարանում եռօրյա քննարկումներից հետո։