Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հետ խոսեն ազնվորեն և հավատով՝ որպես լավ հարևաններ խաղաղ ապրելու համար: ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է բրիտանացի պատգամավոր Ջիլ Մորթիմերը:
«Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում համախմբվելու ԵԱՀԿ-ի ջանքերի շուրջ` խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- նշել է պատգամավորը, հավելել՝ ներկայիս իրավիճակը տանում է դեպի հումանիտար աղետ: Մորթիմերի խոսքով՝ «ցուցարարները», որոնք փակել են Լաչինի միջանցքը, խորացնում են ճգնաժամը:
Անդրադառնալով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ պատգամավորն հիշեցրել է, որ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ երկկողմ տեղաշարժը:
Նրա խոսքով՝ հակամարտության սարսափելի և անխուսափելի հետևանքները կանխելու առաջին քայլը կարող է լինել Լաչինի միջանցքի բացումը: