Լեռնային Ղարաբաղի բնակչությունը արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն՝ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է Բորիանա Աբերգը։
Շվեդ պատգամավորն ափսոսանք է հայտնել, որ կառույցը ստիպված է նորից քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցը:
«Ցավում եմ, որ դահլիճում քիչ են պատգամավորները. Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչության տառապանքը ավելի մեծ ուշադրության է արժանի: Նրանք արժանի են, որ իրենց հիմնարար մարդու իրավունքները հարգվեն: Խնդիրը Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ մարդու իրավունքները»,- նշել է պատգամավորը:
Ընդգծելով այն խնդիրները, որոնք ստեղծվել են Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո՝ Աբերգը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ ազատել հայ ռազմագերիներին, դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և բացել Լաչինի միջանցքը:
Պատգամավորի խոսքով՝ չնայած մեծ է միջազգային ճնշումը Բաքվի նկատմամբ՝ վերջինս որոշել է արհամարհել միջազգային հանրության կոչերը: