Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Պետական եկամուտների կոմիտեի տվյալի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 704 հազար 420 է, ինչը 2021-ի նույն ամսվա ցուցանիշից ավելի է 44 հազար 949-ով կամ 6,8 %-ով: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ավելացել են նաև համախառն աշխատավարձային ֆոնդն ու միջին ամսական աշխատավարձը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի մայիսի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավել է 136 մլրդ 411 մլն դրամով, 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավել 49 մլրդ 989 մլն դրամով: Եվ նաև միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դետկեմբերի նկատմամբ ավել է 53 հազար 247 դրամով կամ 19,2 %-ով: Այս ցուցանիշը շատ կարևոր է գնաճի հակազդման առումով: Եվ միջին ամսական աշխատավարձը գնաճից ավելի քան կրկնակի ՀՀ-ում աճել է:
Տնտեսագետ Սոս Խաչիկյանը նոր գրանցվող աշխատողների մեջ առաձնացնում է մինչև ռուս-ուկրաինական հակամարտության սկիզբը արտագնա աշխատանքով զբաղված հայաստանցիների թվի ավելացումը:
Սոս Խաչիկյան (տնտեսագետ) - Նախկինում բավականին շատ էր դեպի Ռուսաստանի Դաշնություն մեկնող մեր հայրենակիցների հոսքը՝ սեզոնային աշխատանքի կտրվածքով, հիմա այդ հնարավորությունը նվազել է էականորեն, և պետք է նշել, որ աշխատուժի այդ հատվածը փորձում է իր աշխատանքը, իր աշխատատեղը գտնել Հայաստանում:
Գրանցված աշխատատեղերի ավելացմանը նպաստել է նաև 2022-ի ընթացքում ռուսաստանցիների մեծ ներհոսքը Հայաստան՝ նշում են տնտեսագետները, կարծիք հայտնում, որ տարվա ընթացքում այստեղ հաստատված օտարերկրացիների մի մասը հակամարտության ավարտից հետո էլ կշարունակի ապրել և աշխատել մեր երկրում:
Էդուարդ Բադալյան («Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան հկ փոխնախագահ) - Մեծ թվով մարդիկ եկել են Հայաստան, դարձել են սպառող և աշխատող, բնականաբար, և մեր տնտեսությունը պետք է արձագանքեր դրան ժամանակի ընթացքում, և նրանց մի մասը, ակնհայտորեն, անցնում է աշխատանքի:
Սոս Խաչիկյան - Հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներ, որոնք կարող են հեռավար աշխատել նաև, աշխատում են Հայաստանից և աշխատանքի բնույթն այնպես է նաև, որ պետք է գրանցվեն ու գրանցվում են:
Չնայած գրանցված աշխատատեղերի աճին՝ Էդուարդ Բադալյանի համոզմամբ՝ հրապարակված ցուցանիշում քիչ չէ միաժամանակ մի քանի տեղում աշխատողների թիվը: Մեծ է նաև պետության տեսադաշտից դեռևս դուրս մնացածների քանակը:
Էդուարդ Բադալյան - Օրինակ՝ տաքսի ծառայության դեպքում անձինք գրանցվելու անհրաժեշտություն չունեն, այսինքն՝ իրենք ստվերում չեն գտնվում, բայց, միաժամանակ, նրանք գրանցվելու անհրաժեշտություն չունեն այնպես, ինչպես այդ 700 հազար քաղաքացիները, որոնք գրանցվել են, և որոնց մասին տեղեկությունը ՊԵԿ-ն ունի:
Մասնագետները նշում են՝ աշխատողների ստվերից դուրս գալուն և հարկային դաշտ տեղափոխվելուն նպաստում է նաև ՊԵԿ վարչարարությունը, ընդգծում՝ եթե հնարավոր լիներ հաշվել Հայաստանում փաստացի աշխատողների թիվը, արդյունքը գրանցվածից ավելի շատ կլիներ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան