Լեզվի կոմիտեի նախորդ տարվա գլխավոր ձեռքբերումն առաջին անգամ հրապարակված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկերն է, որն ամփոփում է 2019-2022 թվականները:
Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են շարունակում պահել օտարալեզու գրություններով խանութների անվանումները, գովազդային վահակները. շատ տնտեսվարողներ շարունակում են ոտնահարել «Լեզվի մասին» օրենքը:
Ըստ Գյուրջինյանի՝ որպես կանխարգելիչ միջոցառում, 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ են բաժանել, զուգահեռ բացատրել նաև օրենքի պահանջներն ու խախտումների հնարավոր իրավական հետևանքները:
Դավիթ Գյուրջինյան (ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ) - Վարչական դատարան ենք ներկայացրել 41 հայցադիմում, Վերաքննիչ վարչական դատարան՝ 41 բողոք: Ասեմ, որ Վերաքննիչ վարչական դատարան դիմելու 41 բողոքը նշանակում է, որ մենք այդքան մերժվել ենք, բայց սա ընդգրկում է նաև անցյալ տարիների գործերից: Վճռաբեկ դատարան ներկայացրել ենք 7 բողոք: Մինչև հիմա մեր բողոքները չեն ընդունվել:
Հեղինակ՝ Անի Օհանյան