ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը։
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։
Ողջունելով խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս ձևաչափը շարունակելու է ներկայանալ որպես գործարար շրջանակներին մտահոգող խնդիրները բացահայտելու և մասնավոր հատվածի ձայնը որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։
Ընդգծելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կարևորությունը ներառական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից՝ փոխվարչապետն անդրադարձել է այս ձեռնարկությունների ձևավորման և աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին։
Նիստի ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար և համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձևավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։
Շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձևավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանը։