Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում հումանիտար իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում. այն վարել է խորհրդարանի անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը: Խորհրդարանականը գործընկերներին հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը ներկայացնելուց հետո հիշեցրեց՝ Ադրբեջանը 2020 թվականին հարձակվել է Արցախի վրա՝ Թուրքիայի աջակցությամբ՝ պատերազմում ներգրավելով նաև մեծ թվով վարձկաններ: Իր խոսքում բրիտանացի օրենսդիրն անդրադարձավ Բաքվի ագրեսիվ ու դատապարտելի վարքագծին՝ թվարկելով՝ Ադրբեջանի կողմից հարձակումներ են եղել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, հայ ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, իրականացվել են գերեվարված հայ զինծառայողների արտադատական սպանություններ: Լոութընը նկատել է, որ պատերազմից հետո Բաքուն շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է Արցախի բնակչության ոչնչացմանը. որպես ապացույց նա մատնանաշում է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը:
Թիմ Լոութըն (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Ադրբեջանի կողմից խափանվել են գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, ինտերնետ կապը: Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է։ Ամեն հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ավելի ծանր է դառնում: Հումանիտար աղետն անխուսափելի է: Խաղաղասեր հայ ժողովուրդը բոլորիս օգնության կարիքն ունի: Մենք պետք է անտարբեր չլինենք: Պետք է ճնշել Բաքվին, որպեսզի բացի միջանցքը, պետք է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
Ադրբեջանցի կեղծ բնապահպանների թվում Բաքվի կառավարության կողմից ֆինանսավորվող անհատներ են, նախկին զինծառայողներ, հատուկ գործակալներ՝ ընդգծել է Լոութընը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
Բանավեճին մասնակցել է նաև Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ Ջեսիկա Մորդենը: Իր ելույթում նա անդրադարձել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքներին և Արցախում օրեցօր վատթարացող իրավիճակին:
Ջեսիկա Մորդեն (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Ի՞նչ է անում ՄԹ կառավարությունը այլ երկրների կառավարությունների հետ այս վիճակին վերջ դնելու համար։ Անհրաժեշտ է օդային հաղորդակցություն բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս իրավիճակի կարգավորման համար: Պետք է օգտագործել հնարավոր բոլոր գործիքները խաղաղություն հաստատելու համար:
Լաչինի միջանցքը փակելը Բաքվի կողմից հայության նկատմամբ թշնամանքի վերջին ամենացայտուն դրսևորումն է՝ հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչը: Քերոլ Մոնագանը կոչ է արել աշխարհին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը և ամեն գնով բացել օդային հաղորդակցությունը ԼՂ-ի հետ։
Պատժամիջոցները՝ որպես Բաքվին զսպելու տարբերակ, քննարկման ժամանակ առաջ է քաշել նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ: Մարթին Դեյը նաև հայտարարել է, որ Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն, պետք է ավելի մեծ աջակցություն ստանա:
Մարթին Դեյ (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: 120.000 մարդ այսօր հումանիտար աղետի եզրին է՝ չկան սնունդ, դեղորայք, էլեկտրականություն, գազ: Ադրբեջանն ակնհայտ էթնիկ զտում է իրականացնում: Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։ Ալիևը հայտարարում է, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է շրջանառում ԼՂ էթնիկ հայերի զտման համար։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ևս պետք է դիտարկվեն։
Բանավեճի ընթացքում Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Դաութը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել:
Սթիվեն Դաութ (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ) - Բոլորս պետք է գիտակցենք՝ Լեռնային Ղարաբաղում մարդիկ այլևս սպասել չեն կարող. հումանիտար ճգնաժամն աղետալի է: Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ եմ անում գործնական քայլեր կատարել և հնարավորինս արագ: Պետք է մեծացնել մեր ներգրավվածությունը Հարավային Կովկասում. մենք ականատես ենք, որ ռուս խաղաղապահները, տեղակայված լինելով Լեռնային Ղարաբաղում, չեն կարողանում խոչընդոտել Ադրբեջանի գործողությունները:
Բանավեճը եզրափակվել է Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Ռութլիի ելույթով: Նա հայտարարել է՝ «Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ Եվրամիության և ԵԱՀԿ-ի ջանքերին»։ ՄԹ կառավարությունը ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ, այդ թվում և՝ Կարմիր խաչի։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն խաղաղությանն ուղղված բանակցությունները՝ հայտարարել է նա: