Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորման շրջանակում ներդրվել է ազգային գեոպորտալը, որում մուտքագրված են 10 բազային շերտ և 600-ից ավելի մետատվյալ, մշակվել են 12 բազային և 14 թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու դրանց ստանդարտացման ուղեցույցները: Կադաստրի կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունն են վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել Կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները:
Նշվել է, որ 2022 թ. աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գրանցման, գնահատման, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և այլ բնագավառներում:
Վարչապետին ներկայացվել են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները. այժմ քարտեզների 95 տոկոսը վարվում է առցանց ռեժիմով, մեկնարկել է հասցեների միասնական ռեեստրի ներդրման գործընթացը: Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը. առցանց տարբերակով ներկայացվել է 93.000 չափագրման փաթեթ, շուրջ 1 մլն էջ թղթով կրճատվել է թղթաշրջանառությունը: Սկսվել է ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը: Ընթացքի մեջ են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման և Հայաստանի հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:
Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների և օպերատորների շրջանակը: Աճել է առցանց դիմումների թիվը. դրանց 25 տոկոսը արդեն առցանց է ներկայացվել, ինչի շնորհիվ կրճատվել է սպասարկման գրասենյակների թիվը: Մշակվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը, որը ներդրման փուլում է և անվճար տարբերակով հասանելի է լինելու գործող օպերացիոն համակարգերի համար: Ընդ որում, նշվել է, որ առցանց եղանակով կարելի է ավելի շատ ծառայություն ստանալ, քան սպասարկման գրասենյակում: Ընդլայնվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը:
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող ինստիտուտը, կարգավորվել է նաև շարժական գույքի գնահատումը. այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գործում են 70 որակավորված գնահատող, 49 գնահատման և 1 ինքնակարգավորվող կազմակերպություն: Ներկայացվել են նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի կիրարկման ընթացիկ արդյունքները, որի ամբողջական ներդրումն ակնկալվում է ավարտին հասցնել 2026 թ.:
Կատարվել է նաև կադաստրային վարչարարությունը բարելավող մի շարք քայլեր: Իրականացվել են էլեկտրոնային համակարգի տեքստային տվյալների բազայում իրավունքների սուբյեկտների ճշգրտման աշխատանքներ, նույնականացվել ավելի քան 1.5 մլն սուբյեկտ, գործընթացը շարունակվում է: Կներդրվի գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգ: Նախատեսվում է մեկնարկել անշարժ գույքի գործակալների գործունեության կարգավորման և զարգացման բարեփոխում, որի առաջին քայլն օրենսդրական բազայի մշակումն ու ներդրումն է:
2022 թ. Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս, նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է գործող 4 տարածքային ստորաբաժանումները միավորել մեկ միասնականում: Կադաստրային համակարգ կադրերի ներհոսք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել ազգային գեոպորտալի գործարկումը, որը կառավարման առումով ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ է, և ուշադրություն հրավիրել գերատեսչական տեղեկատվական բազաների փոխգործելիության անհրաժեշտության վրա: Վարչապետը հանրային իրազեկման մակարդակը բարձացնելու հանձնարարականներ է տվել:
Վարչապետը դրական է գնահատել առցանց մատուցվող ծառայությունների աճի դինամիկան, ինչը խթանում է նաև անկանխիկ շրջանառությունը, և կարևոր համարել ինքնաշխատ ծառայությունների շրջանակի ընդլայնումը:
Երկրի ղեկավարը նաև անդրադարձել է անշարժ գույքի հարկման նոր համակարգի, սահմանափակումների էլեկտրոնային համակարգի ներդրման, ինքնակամ շինությունների հաշվառման, անշարժ գույքի գործակալների գործունեության կանոնակարգման գործընթացներին, թվայնացման օրակարգին, ոլորտային մյուս բարեփոխումներին և հանձնարարել նշված ուղղություններով շարունակել ակտիվ աշխատանքը:
Հեղինակ` Անի Օհանյան