ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով. «Ձեր, մարզիկների ու մարզիչների տքնաջան աշխատանքի, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականության և սպորտին տրվող աջակցության արդյունքն է, որ 2022 թվականին կայացած տարբեր առաջնություններում մեր երկրի նվաճումների տեսանկյունից ռեկորդային 307 մեդալ ենք նվաճել, որոնցից 104-ը՝ ոսկի, 70-ը՝ արծաթ, 33-ը՝ բրոնզ: Լիահույս ենք՝ հաջորդ տարիներին կունենանք էլ ավելի մեծ արդյունքներ»:
Նախարարի խոսքով՝ շարունակական քաղաքականություն է վարվում սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումների մեծացման ուղղությամբ: Անցած 2022 թ. մարզական 33 ֆեդերացիաներին տրամադրվող գումարի ծավալը կտրուկ ավելացվել է կազմելով է 1,4 մլրդ դրամ, կրկնապատկվել են որոշ առաջնությունների գծով մարզիկներին ու մարզիչներին տրամադրվող գումարները: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների, անվանական մարզադպրոցների կառուցման մասին, ինչը ևս լինելու է շարունակական աշխատանք՝ նպատակ ունենալով խրախուսել նոր նվաճումների գրանցումը:
«Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել հաշվետվողականության մեխանիզմները:
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման քաղաքականությունը` նշելով, որ 2023 թ. Հայաստանում են անցկացվելու ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների, սամբոյի աշխարհի մեծահասակների, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունները:
«Միջազգային սպորտի քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու և դիրքը առավել տեսանելի դարձնելու առումով միջազգային խոշոր մրցաշարերի Հայաստանում անցկացումը կարևոր քաղաքականություն է»,- ասել է նախարարը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է ներկաներին և նշել. «2023 թվականը նախաօլիմպիական տարի է, և պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի արդյունքը լինի գերազանց, և Փարիզից վերադառնանք հպարտորեն և հաղթանակներով»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գնումների ընթացակարգերի, մարզական հավաքների կազմակերպման նախահաշիվների, ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ խնդիրները: Ֆեդերացիաների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում իրենց հուզող խնդիրների մասին, հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում դրանց լուծման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը պարզաբանումներ է ներկայացրել պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ, պատասխանել ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել լինել մասնակցային սպորտի ռազմավարության մշակման գործընթացում՝ հասցեական թիրախները որոշելու և պետական քաղաքականությունն արդյունավետ դարձնելու նպատակով: