ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է զգալի չափերի չհասնող 0.61 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի, ինչպես նաև զգալի չափերի 0.17 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ օրվա տարբեր ժամերի, Էջմիածին քաղաքում, մի դեպքում քաղաքային հրապարակում, մեկ այլ դեպքում՝ դպրոցներից մեկի մոտակայքում 10.000-ական ՀՀ դրամի դիմաց ապօրինի իրացրել է 23 և 42-ամյա տղամարդկանց: Հիշյալ թմրամիջոցները նույն օրը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից՝ վերջիններիս անձնական խուզարկությամբ:
Ընդ որում, ըստ վարույթում առկա տվյալների՝ 23-ամյա երիտասարդը կախվածություն է ձեռք բերել 50-ամյա տղամարդուց անհատույց տարբերակով մի քանի անգամ թմրանյութ ստանալու և օգտագործելու հետևանքով, որից հետո էլ վերջինիցս գնել է վերոնշյալ թմրամիջոցը։
Բացի այդ, Երևան քաղաքում 50-ամյա տղամարդը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 0.25 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որից հետո այն տեղափոխել է Էջմիածին քաղաք, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու ընթացքում գրպանից գետնին է նետել այն, որը նույն օրը իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է:
Մեկ այլ օր, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին, նրա մոտ անձնական խուզարկությամբ վերարկուի աջ գրպանում, ինչպես նաև ներքնազգեստի վրա կարված կտորե գրպանում հայտնաբերվել է խոշոր չափերի՝ 0.6 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի՝ անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք բերված և պահված թմրամիջոց:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին և 268-րդ հոդվածի 1 մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-իին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
23 և 42-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասին:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու: