Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։
Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաև դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։
«Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։
Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության և հետևողական աշխատանքի համար։
Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։
Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը, լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։
Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց և զարգացում»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար: