Գերմանիան Ուկրաինային կմատակարարի Leopard 2 տանկեր, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նա նշել է, որ խոսքը 14 տանկի մասին է: Շոլցը նաև հայտնել է, որ մյուս երկրներին նույնպես թույլ են տալու Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Այդ գերմանական տանկերն առկա են 20 երկրի զինանոցում, այդ թվում՝ Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Թուրքիայի։
«Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց առանց հակամարտության կողմ դառնալու»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Նա տեղեկացրել է, որ առաջին Leopard տանկերը կարող են հասնել Ուկրաինա երեք ամսից: Լեհաստանի կառավարությունը ողջունել է Ուկրաինա Leopard տանկեր ուղարկելու Գերմանիայի որոշումը:
«Դա նշանակում է, որ Եվրոպան ավելի ապահով կլինի»,- նշել է Լեհաստանի կառավարության խոսնակը:
Լեհաստանը նույնպես վերջերս պատրաստակամություն էր հայտնել Ուկրաինա ուղարկել իր զինանոցում գտնվող գերմանական արտադրության Leopard 2 տանկերից 14-ը։ Ֆինլանդիան նույնպես պատրաստվում է մասնակցել Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման նախագծին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարը:
ՄՈՍԿՎԱՆ ԴԵՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱ
Արևմտյան արտադրության ուրանային միջուկով արկերի առաքումը Կիև Մոսկվայի կողմից կընկալվի որպես միջուկային կեղտոտ ռումբի կիրառում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։
«Մենք գիտենք, որ Leopard 2 տանկը, ինչպես նաև Bradley և Marder հետևակի մարտական մեքենաները զինված են ուրանային միջուկով զրահաթափանց արկերով. դրանց կիրառումը հանգեցնում է տարածքի աղտոտման, ինչպես դա եղավ Հարավսլավիայում և Իրաքում»,- նշել է Գավրիլովը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Թուրքիան չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցությունը դադարեցնելու հարցը, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։ Նրա խոսքով՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններն անհիմն են։
«Այդ մասին խոսք լինել չի կարող։ Մենք ՆԱՏՕ-ի առանցքային երկրներից մեկն ենք։ Նրանք այդ մասին խոսելու իրավունք չունեն։ Այն, ինչի մասին նրանք խոսում են, շքեղություն կլիներ ՆԱՏՕ-ի համար», - ասել է Չելիքը:
Ավելի վաղ թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահը հայտարարել էր, որ Թուրքիան հինգ-վեց ամսից կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԱՆԴՐԵՅ ԿԱՍԻԱՆՈՎԸ
Վրաստանի ԱԳՆ-ն է կանչվել Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասիանովին՝ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների համար:
Անցած չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերը շատ արագ կվերականգնվեն։ Կասիանովն արձագանքել է ելույթին՝ չբացառելով Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը Վրաստանից` այն դեպքում, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Թբիլիսին կողջունի Վրաստանի հետ Ռուսաստանի ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, քանի որ դա կապ չունի Վրաստան ռուսների հոսքի հետ, իսկ Կասիանովի հայտարարությունը համարել է ամոթալի: