ԿԳՄՍՆ-ում այսօր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը ստորագրել են «Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը:
Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի կրթության ոլորտին ցուցաբերած շարունակական աջակցության համար, նշել է, որ բարելավված միջավայրը կնպաստի նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպմանը:
«Անցյալ տարի ընդունված «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» մեծ տեղ է հատկացված նախադպրոցական կրթության ընդլայնմանը և զարգացմանը: Մեր նպատակն է մինչև 2030 թվականը ունենալ նախադպրոցական համակարգի ամբողջական ծածկույթ, որի արդյունքում բոլոր երեխաները մինչև դպրոց հաճախելն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական կրթական ծրագրերում:
Պետական այս մոտեցումը ոչ միայն սոցիալական բաղադրիչ ունի, այլև կարևոր է այն առումով, որ երեխաների ընդգրկվածության մեծացումն էականորեն կնպաստի կրթական արդյունքների և ընդհանուր ուսումնառության բարելավման վրա:
Այս առումով մենք կարևորում ենք, որ միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ իրականացվող նախագծերն ամբողջությամբ համահունչ լինեն ՀՀ-ի կողմից իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային քաղաքականության շրջագծին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայ-ճապոնական հարաբերություններն ընդգրկուն են և դրսևորվում են նաև մշակութային, գիտակրթական, հումանիտար և այլ ոլորտների երկխոսությամբ: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ներկաներին ողջունել է հայերեն` ի նշան հայ-ճապոնական բարեկամության:
Դեսպանն ընդգծել է, որ դրամաշնորհային պայմանագրի ստորագրմամբ Արմավիրի երեխաների համար կստեղծվեն բարենպաստ և ապահով պայմաններ, որոնք կնպաստեն կրթական գործընթացի բարելավմանը:
«Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը և վստահ է, որ նոր սերունդն ունի մեծ ներուժ, և այս պարագայում նրանց համար պետք է ստեղծել լավագույն պայմաններ: Նաև ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին և մաղթել հաջողություն ծրագրի իրականացման գործում»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության և ԿԳՄՍ նախարարությանը աջակցության ծրագրերի համար` նշելով, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և Ճապոնիայի կառավարությունը համագործակցում են դեռևս 2010 թ.-ից:
Համագործակցության արդյունքում արդեն վերանորոգվել է Արմավիր մարզի Արմավիր գյուղական համայնքի երաժշտական դպրոցը, իսկ դրամաշնորհային նոր ծրագրի շնորհիվ Արմավիր քաղաքի երեխաները կունենան ևս մեկ վերանորոգված մանկապարտեզ:
Նշենք, որ դրամաշնորհային նախագիծն իրականացվում է «Մարդկային անվտանգության Grassroots» ծրագրի շրջանակում։