Հունաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, անվստահության քվեի միջնորդություն է ներկայացրել պահպանողական կուսակցությանը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին մեղադրելով քաղաքական դաշնակիցների և հակառակորդների զանգվածային գաղտնալսումներ կազմակերպելու համար, գրում է Reuters-ը:
Գործը, որը դատախազությունը դեռ քննում է, ի հայտ եկավ օգոստոսին, երբ Հունաստանի մեծությամբ երրորդ կուսակցության՝ սոցիալիստական ՊԱՍՈԿ-ի առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը հայտարարեց, որ երկրի հետախուզական ծառայությունը գաղտնալսել է իր խոսակցությունները 2021 թվականին:
Անցյալ ամիս ձախակողմյան թերթերից մեկը հայտնել էր, որ ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ նախարարներ, գտնվել են պետության հսկողության տակ՝ հեռախոսների համար վնասակար ծրագրերի օգնությամբ։
Ընդդիմությունն այս քայլին դիմել է այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գարնանը: Սոցիոլոգիական հարցումներով առաջատարը Միցոտակիսն է։
Վարչապետը հերքել է որևէ իրավախախտում և ասել, թե չի իմացել Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման մասին: Նա վստահեցրել է, որ դա երբեք թույլ չէր տա, միաժամանակ լրտեսումն օրինական է համարել:
Քվեարկությունը տեղի կունենա խորհրդարանում եռօրյա քննարկումներից հետո։ Կառավարությունը, որը 300 տեղանոց խորհրդարանում 156 պատգամավոր ունի, ձախ ընդդիմությանը մեղադրել է զրպարտության համար։