2023 թ․ հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև՝ միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի կոնվենցիայի մոնիթորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։
Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին։ Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։