Ախուրյանի բնակիչ Հայկազուն Մաթևոսյանը արդեն շուրջ 20 տարի հացահատիկ է մշակում: Աշնանը 13 հա ցանած ցորենի համար ավելի քան կես միլիոն դրամ է ծախսել: Ասում է՝ տեղումների բացակայության պատճառով արդեն նկատելի է վնասված բերքը, չջրելու դեպքում եղածն էլ կկորցնեն:
Հայկազուն Մաթևոսյան (գյուղատնտես) - 65 տարեկան եմ, սենց տարի չեմ հիշում, որ վապշե, ճիշտ է՝ ձյուն չի եղել, բայց անձրև եղել է, խոնավ է եղել հողը, տեղ-տեղ էլի ձյուն եղել ա նստած դաշտերում, բայց էս տարի վապշե: Վիճակը հեչ լավ չէ ցորենի:
Կառավարության սուբսիդավորման ծրագրի շնորհիվ աշնանացան ցորենի ցանքսը, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ է եղել: Ըստ մասնագետների՝ Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում վնասներն աննշան են, սակայն բարձրադիր գոտիներում, հատկապես, որտեղ ցանքն ուշ է կատարվել, և աշնանացանը լիարժեք չի թփակալվել, կորուստն ավելի զգալի կլինի: Շիրակից բացի, ձյան ծածկը բացակայում է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի զգալի հատվածներում:
Աշոտ Մաթևոսյան (Ախուրյան համայնքի ավագանու անդամ) - Էս պահին, որ ձյուն չկա, դրանով էլ կարելի ա ընդհանուր պատկերացում կազմել, որ տարին կլինի չորային: Էս տարի ջրային պաշար չենք ունենա: Խնդիրների առաջ էլի կկանգնենք մոտավոր հաշվարկով էս տարի:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ ներկա բնակլիմայական պայմաններն աննախադեպ են, քանի որ ամառվա վերջից մինչև հիմա տեղումներ գրեթե չեն գրանցվել: Նշում է՝ սա չէր կարող անհետևանք մնալ գյուղատնտեսության, հատկապես աշնանացան ցորենի բերքի համար:
Գառնիկ Պետրոսյան (ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար) - Երբ ձյան ծածկը բացակայում է, և աշնանացաները թփակալված չեն, իսկ թփակալված վիճակում թփակալման հանգույցը կարող է դիմանալ մինչև -15 աստիճան ցրտին: Իսկ եթե թփակալում տեղի չի ունեցել, ապա կախված վեգետացիայի փուլից, դրանք շատ ավելի մեղմ բացասական ջերմաստիճանի պայմաններում կարող են վնասվել:
Պետրոսյանի խոսքով՝ ցորենի պակասը լրացնելու և հետագա խնդիրներից խուսափելու համար կարևոր է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի պարարտացումը հնարավորինս շուտ կազմակերպել: Այս պահին նաև սակավաջրություն է գրանցվում: Էկոնոմիկայի նախարարությունից արձագանքում են՝ վնասների մասին խոսելը դեռ վաղ է:
Վարսիկ Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ) - Էս պահին դեռ հստակ ոչ ոք չի կարող ասել, որ կլինի ցրտահարություն, կարձանագրվե՞ն բույսերի մոտ վնասներ, թե՞ ոչ:
Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ վնասների մասին ավելի հստակ կխոսեն այն ժամանակ, երբ բարձր ջերմաստիճանում սկսվի բույսերի վեգետացիան, ինչից հետո միայն հնարավոր կլինի պատկերացում կազմել վնասի չափի մասին, ապա ըստ եղած տեղեկության՝ պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի: