Վերջին 2 տարում Հայաստանը ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում երեք ուղղություններով՝ բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում և խաղաղության պայմանագիր, հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ընդգծել բոլոր ուղղություններով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։ Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։ Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանը մերժել է:
Նախարարը մանրամասնել է՝ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին ճշգրտել պետական սահմանի սահմանազատման չափորոշիչները, քանի որ, ըստ հայկական կողմի, առանց դրա իրական խաղաղությունն անհնար է:
Արարատ Միրզոյան - Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։ Ընդհանրացնելով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները՝ սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում:
Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ, սակայն դրանից հետո Ադրբեջանը սկսել է պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին՝ հայտարարել է Միրզոյանը:
ԼՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արարատ Միրզոյան - Մինչև այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար: Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ ԼՂ-ի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված համակարգված քաղաքականությանը:
Արարատ Միրզոյան - Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը:
Տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտք ապահովելը հրամայական է՝ ընդգծել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա՝ ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն:
Նախարարը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի առաջնային գործընկերն է և ողջունել է Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու որոշումը: Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան