Էջմիածնում սուր շնչառական վարակների թիվը թեև ավելացել է, բժիշկների պնդմամբ՝ կառավարելի է: Հիվանդության դեպքերը շատ են հատկապես ուսումնական հաստատություններում: Բացակաների թիվը տարբեր դպրոցներում տատանվում է 17-60-ի միջակայքում:
3-րդ դպրոցի 51 բացակա աշակերտից 21-ը դասի չէին եկել գրիպի պատճառով:
Երեխաների հիվանդության ընթացքի մասին դասղեկները պարբերաբար տեղեկանում են ծնողներից: Նաև միջոցներ են կիրառում, որպեսզի դպրոց հաճախող աշակերտներին զերծ պահեն գրիպի հնարավոր տարածումից:
Գրետա Ներսիսյան (Էջմիածնի 3-րդ դպրոցի տնօրեն) - Ես կհանձնարարեի, որ այս օրերին շնչառական հիվանդությունների մասին զրույցներ անցկացնենք դասարաններում:
Աննա Մարտիրոսյան (Էջմիածնի 1-ին դպրոցի բուժքույր) - Առավոտյան կատարում ենք ջերմաչափում, ստուգում ենք երեխաների առողջական վիճակը, եթե ջերմություն կամ հազ է լինում, ուղարկում ենք տուն:
Դպրոց մուտք գործելիս ջերմաչափումը պարտադիր է: 1-ին դպրոցում գործընթացը հսկում են բուժքույրն ու հերթապահ ուսուցիչները: Այնուհետև շրջում են դասարաններում, որովհետև լինում են դեպքեր, երբ երեխան թուլանում, վատ է զգում նույնիսկ առանց ջերմություն ունենալու:
Լիլիթ Պետրոսյան (Էջմիածնի 1-ին դպրոցի տնօրեն) - Ունենում ենք երեխաներ, որ գալիս են դպրոց, ջերմություն չեն ունենում, բայց ընթացքում սրտխառնոց, գլխապտույտ են ունենում, ծնողին հրավիրում ենք դպրոց, երեխային ուղարկում տուն:
Մարզպետարանն ամեն օր թվային տվյալներ է ստանում դպրոցներից ու հիվանդանոցներից: Իրավիճակը մտահոգիչ է, բայց նվազման միտում կա:
Սաթենիկ Թովմասյան (Արմավիրի մարզպետի խորհրդական) - Բնակիչները եթե զգում են, որ հիվանդությունն ի հայտ է գալիս, պետք է ինքնաբուժությամբ չզբաղվեն, շտապ դիմեն բժշկի, որ խուսափեն հետագա բարդություններից: Եթե կարողանանք ամեն ինչ համակարգված անել, այս պահին խուճապի վտանգ չկա: Դեկտեմբերի համեմատ այս պահին նվազում կա:
Հիվանդությունն ուղեկցվում է 39 աստիճանից բարձր ջերմությամբ, գլխացավով, դողէրոցքով, առատ քրտնարտադրությամբ: Բարդություններ առաջանում են, բայց թոքաբորբի չի հասնում:
Գայանե Վարդանյան («Էջմիածին» ԲԿ թերապևտ) - Եթե կորոնայի ժամանակ թոքաբորբ էին ունենում որպես բարդություն, սրա հետ կապված ավելի շատ բորբոքումներ՝ հայմորյան խոռոչների, ճակատային խոռոչների և ականջի բորբոքում՝ լսողության վատացումով: Հիմնականում այս ուղղությամբ է արտահարվում:
Սուր շնչառական վարակներից խուսափելու լավագույն տարբերակը պատվաստվելն է՝ խորհուրդ են տալիս բժիշկները: Պատվաստում են 6 ամսականից սկսած: Ուշադրության կենտրոնում են հատկապես խոցելի խմբերը՝ բուժաշխատողներ, տարեցներ, երեխաներ, քրոնիկ հիվանդներ, նորակոչիկներ:
Լիլիթ Վարդանյան («Էջմիածին» ԲԿ իմունոլոգ) - Ֆրանսիականն ենք ստանում, որն իր մեջ պարունակում է 4 շտամ, դրանք այն շտամներն են, որոնք հիմա շրջանառում են:
Էջմիածնում պատվաստումները սկսել են նոյեմբերից: Ստացած պատվաստանյութի գրեթե 60 տոկոսն արդեն ներարկել են: