ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՏԱՆԿԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել հնարավորինս արագ կողմնորոշվել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում: Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ խոսքը 5, 10 կամ 15 տանկի մասին չէ. երկրի կարիքներն ավելի մեծ են: Ուկրաինայի նախագահը կրկնել է պնդումը, որ Ռուսաստանը ծրագրում է նոր հարձակում, որի առաջին նշաններն արդեն տեսանելի են Դոնբասում և այլ շրջաններում:
Թեև Բեռլինն ու Վաշինգտոնը պաշտոնապես չեն հաստատել լուրը, երեկ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Գերմանիան Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա և թույլ կտա այլ երկրներին անել նույնը, իսկ Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի Abrams տանկերը։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին զգուշացնում են, որ այդ քայլի հետևանքով Ռուսաստանը ավելի մեծ թափով կշարունակի պատերազմը, իսկ ՆԱՏՕ-ին հակամարտության մեջ ներքաշվելու վտանգը կմեծանա:
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Ֆինլանդիան և Շվեդիան փորձում են նոր հանդիպում կազմակերպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներն ու խնդիրները՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտով Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի եռակողմ բանակցություններն անորոշ ժամանակով հետաձգվել են Անկարայի պահանջով: Անկարան բավական կոշտ է արձագանքել Շվեդիայում կազմակերպված հակաթուրքական ակցիաներին, որի ժամանակ այրել են Ղուրան և կախաղան են հանել Էրդողանի պատկերով խրտվիլակ:
Թեմային արձագանքել են նաև Սպիտակ տնից: Վաշինգտոնն ակնկալում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կդառնան ՆԱՏՕ-ի նոր անդամներ: Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կոնկրետ քայլեր են ձեռնարկել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի հետ ստորագրված եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:
ՏԱՇՔԵՆԴՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Տաշքենդում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Հանդիպման ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նաև անդրադարձել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժին, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում տարածաշրջանային խնդիրները լուծելու և արտաքին դերակատարների միջամտությունը կանխելու նպատակով: