ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ, որի ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում:
«Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,- նշել է դեպարտամենտի ղեկավարը:
Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։
Երիտասարդների հարցերը հանձնակատարին վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտեգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին։
Այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու Ս. Ամենափրկիչ տաճարում, այնուհետև այցելել «Ռուսաստան` իմ պատմություն» թանգարան։