Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը խորհրդի նիստին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձև։ Այն արձանագրում է, որ դեռևս նախորդ դեկտեմբերից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է, ինչը դարձել է մարդասիրական աղետի պատճառ 120.000 բնակչի համար։
Քեթրին Բարգեր (Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ) - Դա հատկապես կործանարար է երեխաների համար, որոնք արձակուրդից հետո մնացել են Երևանում՝ կտրված իրենց ծնողներից։ Ընտանիքից բաժանված լինելը ցավոտ է հայերի համար։ Դա հիշեցնում է այն ընտանիքների մասին, որոնք բաժանվեցին ու իրար կորցրեցին Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության ժամանակ:
Քեթրին Բարգերը հիշատակեց Երևանից տուն վերադարձող 19 արցախցի երեխայի նկատմամբ ադրբեջանցի «ակտիվիստների» կողմից հոգեբանական ճնշման փաստը՝ դա որակելով զարհուրելի արարք։ Նա նշեց, որ Լոս Անջելեսի մարզի կառավարիչները, որոնք երկու տարի է՝ հետևում և դատապարտում են Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ, այսօր նույնպես պետք է միանան հայ ժողովրդի պահանջին։ Բարգերի խոսքով՝ փաստերն ակնհայտորեն հերքում են ադրբեջանական կողմի կեղծիքը, թե ոչինչ էլ տեղի չի ունենում։
Քեթրին Բարգեր - Ինձ համար հստակ է, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանության դրսևորում է։ Իմ աչքերը դա տեսել են, դա փաստագրված է, և մարդիկ, որոնք փաստագրում են այդ ամբողջը, չեզոք են։ Նրանք Հայաստանից չեն, նրանք հայ չեն, այլ հումանիստներ, որոնք հաղորդում են փաստերը։ Իսկ փաստերն այն են, որ Ադրբեջանի կառավարությունը միտումնավոր շրջափակել է Արցախը և փորձում է ևս մեկ անգամ իրականացնել ցեղասպանություն։ Մենք կոչ ենք անում նախագահ Բայդենի վարչակազմին ջանքեր գործադրել՝ դադարեցնելու հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիան։
Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևը համահեղինակել է կառավարիչների խորհրդի անդամ Լինդսի Հորվաթը։ Նա փաստեց, որ Ադրբեջանի ագրեսիան շարունակական է։ Այդ երկիրը նախորդ 2 տարվա ընթացքում երեք անգամ հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել նրա ինքնիշխան տարածքից որոշ հատվածներ:
Լինդսի Հորվաթ (Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ) - Մենք կոչ ենք անում մեր բոլոր դաշնային պաշտոնյաներին, ներառյալ նախագահ Բայդենի վարչակազմին, հաստատակամ քայլեր ձեռնարկել պաշտպանելու մարդկանց, որոնք այս հակամարտության կիզակետում են։ Ադրբեջանի կառավարության ստեղծած մարդասիրական ճգնաժամը պետք է դադարեցվի։ Մենք պահանջում ենք բացել Լաչինի միջանցքը։
Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի մյուս անդամները նույնպես միացան Ադրբեջանի կառավարության գործողությունները դատապարտող բանաձևին, որում ԱՄՆ իշխանությանը կոչ է արվում նաև դադարեցնել ռազմական ու ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին։
Ջենիս Հաան (Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի նախագահ) - Անհրաժեշտ է, որ Սպիտակ տունը և կոնգրեսական առաջնորդները հնարավոր ամեն քայլ ձեռնարկեն՝ վերջ դնելու Լաչինի միջանցքի փակմանը, անմիջապես հումանիտար աջակցություն տրամադրեն հայ ժողովրդին և դատապարտեն Ադրբեջանի կառավարության շարունակական ռազմական ագրեսիան։ Բայդենի վարչակազմին կոչ ենք անում գործադրել առավելագույն ճնշում, անհրաժեշտության դեպքում՝ նաև պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի նկատմամբ։
Հոլլի Միտչել (Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ) - 2023 թվականին մենք դեռ տեսնում ենք, որ մարդիկ հարձակման են ենթարկվում իրենց ինքնիշխան տարածքում, շրջափակվում ու զրկվում են սննդից ու դեղամիջոցներից։ Սա ապշեցնող է։ Ես միանում եմ նախաձեռնությանը՝ ուշադրություն հրավիրելու այս ամենին և այն փաստին, որ սա իրականացնողները պատերազմական հանցագործներ են։ Նրանց կոչենք իրենց անունով:
Կառավարիչների խորհրդի աշխատակիցները շեշտում են, որ այս փաստաթուղթը ստորագրվում է մարզի 10 միլիոնից ավելի բնակիչների անունից։
Աննա Մուրադյան (Քեթրին Բարգերի աշխատակազմի ղեկավար) - Սա պարզապես հայաշատ ընտրատարածքներ ներկայացնող 1-2 կամ 3 կառավարչի ակտիվ ներգրավվածության հարց չէ, այլ բոլոր կառավարիչների անձնական շահագրգռության արդյունք։ Դա նշանակում է, որ այս հարցն այլևս հայ համայնքի գործոնով պայմանավորված քայլ չէ, այլ լուրջ խնդիր, որը Լոս Անջելեսի մարզը բարձրացնում է այսօր:
Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը բանաձևն ընդունեց միաձայն։