«Հայաստան» հիմնադրամի՝ Արցախին որպես հրատապ մարդասիրական աջակցություն նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին Գորիսում է. Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ՝ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հիմնադրամից մանրամասնում են՝ բեռը Գորիս հասել է նախորդ շաբաթվա վերջում:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվեն Արցախ:
Շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է բեռի պարունակությունը: Հոգաբարձուների խորհրդին պարենի այս ցանկը ներկայացրել է հենց Արցախի կառավարությունը:
Հայկակ Արշամյան - Հոգաբարձուների խորհրդի հետ երբ նիստ արեցինք, մինչ այդ անընդհատ կապի մեջ էինք Արցախի կառավարության հետ և ցուցակ ուզեցինք, աշխատանքային տարբեր ցուցակներ ենք փոխանակել: Հիմա ամեն ինչի կարիք կա՝ պարենի հետ կապված, բայց ներկայացուցչությունը որպես առաջնային անհրաժեշտություն առանձնացրել է 4 տեսակի ապրանքներ:
40 տոննա շաքարավազն է, մնացածը` մյուս ապրանքները: Բեռի տեղափոխման մասին հիմնադրամը մի քանի օր առաջ էր հրապարակմամբ տեղեկացրել, Արշամյանը նշում է՝ գումարը հիմնադրամին նվիրատվություն է, և հիմնադրամը հաշվետու է նվիրատուների առաջ:
Հայկակ Արշամյան - Առյուծի բաժինը ԱՄՆ-ից եկավ, նաև Ռումինիան, Արգենտինան գումար ուղարկեցին:
Շրջափակման 45 օրվա ընթացքում Կարմիր խաչը կարողացել է կառավարությունների հետ բանակցելով՝ բեռ տեղափոխել Արցախ:
Զառա Ամատունի (ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար) - 3 անգամ մեր կազմակերպության բեռնատար մեքենան տեղափոխել է դեղորայք, մանկական սնունդ, բեռը մեզ չի պատկանել:
Մանրամանում է` Կարմիր խաչը աշխատում է միայն կառավարությունների հետ, և իրենք են համակարգում` ինչ ու ինչքան ուղարկել:
Զառա Ամատունի - Առաջին բեռնատարով 10 տոննայից ավել էր, մյուսները չենք կշռել, հստակ չգիտենք, բեռնատարներով մինչև 15 տոննա կարող ենք տանել, նաև մարդկանց, որ տեղափոխում ենք, վերադարձին էլի բեռներ ենք տեղափոխում հետ:
Ի դեպ, դեկտեմբերի 19-ից արդեն 48 հիվանդ են տեղափոխել, 2-ը՝ օտարերկրացի: Վերջին օրերին նաև աշխատանքներ են տարվում ընտանիքների միավորման համար:
Զառա Ամատունի - Երկու ուղղությամբ 28 հոգի է տեղափոխվել այդ նպատակով:
Վերջին այդպիսի տեղափոխումը հունվարի 24-ին էր:
Զառա Ամատունի - 11 հոգի Հայաստան է տեղափոխվել, և Հայաստանից 10 հոգու օգնել ենք, որ Լաչինով անցնի, գնա տուն:
Վերադառնալով Գորիսում գտնվող 100 տոննա բեռին՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են՝ հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Այն տեղափոխելու հնարավորության դեպքում պահեստավորվելու է նախարարությունում, ապա անվճար հատկացվելու է սոցիալապես խոցելի խմբերին:
Հայկակ Արշամյան - Չնայած հիմա արդեն բոլորն են սոցիալապես անապահով, եթե մարդը ապրանք է փնտրում ու չի գտնում, արդեն անապահով է, եթե անգամ գումար ունի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարությամբ նաև կոչ էր արել օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրել:
Հայկակ Արշամյան - Մենք այդ հայտարարությունը պաշտոնապես ուղարկել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵՄ-ին:
Զառա Ամատունին նշում է՝ բոլոր կողմերի հետ բանակցություններն անընդհատ են, այս պահին ևս քննարկումներ են տարվում տարբեր հարցերի շուրջ՝ մարդկանց տեղափոխումից մինչև բեռների փոխադրում:
Հայկակ Արշամյանը ևս ընդգծում է՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ կապն անընդհատ է, հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով, մնում է` բեռը տեղ հասնի: Ի դեպ, այս պահին Արցախում դադարեցվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր բնակարանաշինական ծրագրերը:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան