ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։
Այսպես, խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում, 2022 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (143․933․308 դրամ), երկրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիան» (52․275․253 դրամ), երրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է (45․036․635 դրամ)։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ Կառավարության 23.06.2022 թ․ N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։