Գրեթե 1,5 (1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն) տրլիոն դրամ: Այսքան հարկ ու մաքս են վճարել տնտեսվարողները 2022 թվականին, հարկային մարմին վճարը ավելի քան 1 տրիլիոն 185 մլրդ դրամ է (1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն ), մաքսային մարմին մուտքերը՝ 304 մլրդ-ից ավելի (304 միլիարդ 275 միլիոն):
1000 խոշոր հարկատուի ցանկն առանձնանում է հետաքրքիր թվային պատկերով:
2022-ի ցուցանիշը 2021-ից ավելի է 32 տոկոսով, մասնագետները շեշտում են նաև, որ սա երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 1,5 տրիլիոն արդյունք չի գրանցվել անգամ 5 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ հարկային վճարումները միայն առաջին տասնյակի կամ հարյուրյակի հաշվին չեն մեծացել, դրական տեղաշարժ կա նաև ցանկի վերջին տողերում:
Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Այս ուղղակի հարկերի բարձրացումը նշանակում է, որ եղել է հարկային վարչարարության որոշակի բարելավում, և նաև դա կարող է կապված լինել աշխատատեղերի կամ շահութաբերության հետ:
Միայն առաջին 10 խոշոր հարկատուները հաշվետու տարում պետբյուջե են վճարել 374 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 98 միլիարդով: Ցանկի վերջին 100 տնտեսվարողները ընդհանուր 28 մլրդ են վճարել՝ 2021-ից 10 մլրդով ավելի: Տնտեսագետ Արմեն Քթոյանը վճարված հարկ ու մաքսի նման ծավալի այլ պատճառներ է ներկայացնում:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Եթե մենք ունենք 14,4 տոկոս տնտեսական ակտիվություն, կամ տարվա համար նախատեսվում է երկնիշ տնտեսական աճ, և ընդ որում` դա իրական արտահայտությամբ է, և եթե գումարենք դրան գնաճի էֆեկտը բավականին նշանակալի, էդ երկու ազդեցություններն էլ կազմակերպությունների վճարած հարկերի ընդհանուր ծավալի մեջ ներառվում են:
Ըստ ՊԵԿ տվյալների` 2022-ին 258 ընկերություն 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել, 2021-ին նման ընկերությունները 201-ն էին: Այս նույն տարիները համեմատելիս փոխվել է նաև տարածքային բաշխվածությունը, չնայած Երևանը մրցակցությունից դուրս է, բայց մարզերում գրանցված ընկերությունները բարելավում են դիրքերը:
Արմենուհի Բուռնազյան - 81 տոկոսը գրանցված է եղել Երևանում, սակայն այստեղ լավ ցուցանիշը այն է, որ հարկային վճարումների ծավալի առումով նվազում է նկատվել, եթե նախորդ ժամանակաշրջանում ծավալի 78 տոկոսն էր Երևանում գրանցված ընկերությունների կողմից վճարվել, հիմա արդեն 74 տոկոսը:
2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվելու համար անհրաժեշտ էր առնվազն 260 մլն դրամ հարկ վճարել, 21-ին բավարար էր 160 մլն-ը: Զգալի առաջընթաց են արձանագրել առևտրի ոլորտում աշխատողները, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները, իսկ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում պատկերը հակասական է: «Գեոպրմայնինգ գոլդ» ընկերությունը, որին պատկանում է սահմանամերձ Սոթքի հանքը, 2021-ի 20 մլրդի փոխարեն նախորդ տարի 3 մլրդ հարկ է վճարել, քանի որ սահմանային լարվածությամբ պայմանավորված` հաճախ չի գործել: Տարվա մեծ մասը չաշխատած Թեղուտի հանքն էլ 20 մլրդի փոխարեն վճարել է 12 մլրդ: Մինչդեռ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վճարած հարկերը ավելի քան 80 մլրդ դրամով ավելացել են: Ըստ փորձագետների՝ այստեղ անկյունաքարային է ստվերի կրճատումը:
Հանքարդյունաբերության ոլորտում հարկային վարչարարության խստացման շնորհիվ տարեցտարի թվերն աճում են: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եթե 2022 թ. ընդհանուր առմամբ վճարել է 144 միլիարդ դրամ հարկ, ապա 2017թ-ին վճարել էր 7.7 անգամ պակաս՝ ընդամենը 18,7 միլիարդ:
Արմեն Քթոյան - Հանքագործության եթե, այսպես ասած, «ֆիզիկական ծավալի» առումով նայենք, ֆիզիկական ծավալի մեծ փոփոխությամբ չի կարելի բացատրել, այստեղ գնային ֆակտորն է, եթե մենք երկար ժամանակահատված ենք դիտարկում ու նաև հարկման տրամաբանության փոփոխությունը: Եթե նախկինում ռոյալթիի հաշվարկման ինչ-որ մոտեցում կար, և դա հաշվի չէր առնում հնարավոր այն գների ազդեցությունը, որի դեպքում դու կարող ես սովորականից բարձր շահույթ ստանալ, այդ շահույթը մնում էր չհարկված: Կառավարությունը այս տրամաբանությունը փոխեց:
Արմեն Քթոյանի խոսքով` առաջին հարյուրյակի 80 տոկոսը 2021-ի համեմատ ավելացրել է հարկային վճարումները, մոտ 20 ընկերություն` կրկնապատկել դրանք: Ցանկը այս տարի ևս գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», հաջորդում են «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»: