ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության գրասենյակի տնտեսական հարցերի պատասխանատու Թերեզա Ալբանոյի և նույն ստորաբաժանման խորհրդատու Ստեֆանո Վոլպիցելիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային քաղաքականությանը, կանանց տնտեսական զորեղացմանն ու նրանց կայուն զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ոլորտում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ԱՍՀՆ-ը՝ որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչություն, կարևորում է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի դերը։
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Պլատֆորմ #5» և «Կանանց աքսելերատոր» ծրագրերի կարևորությունը, որոնք նպատակ ունեն ակտիվացնել կանանց տնտեսական հմտություններն ու կարողությունները և ապահովել կայուն զբաղվածություն։