ՀՐԴԵՀ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել, հրշեջ-փրկարարները մարել են կրակը` փոխանցում են լրատվամիջոցները։ Հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 2 մարդ։ Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։
Լրագրողների հետ զրույցում Դեմիրելլին նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։ Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Սկսվել է հետաքննություն։ Նահանգապետարանը ցավակցել է եկեղեցական համայնքին և թաղամասի բնակիչներին։
ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՑԱՌԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդմակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այդպես չի ստացվի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից սպասի այդ աջակցությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է հարգի Թուրքիայի և բոլոր մուսուլմանների կրոնական զգացմունքները։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով: Ակցիաներից մեկի ընթացքում աջ ազգայնական գործիչներից մեկը թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը: Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին ակցիաների անցկացումը:
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը՝ հայտարարելով, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցությունները Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ դադարի կարիք ունեն: Նա նաև չի բացառել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի քննարկման հնարավորությունը՝ առանց Շվեդիայի:
ՓՐԱՅՍՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. այդ երկրները պատրաստ են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն որոշումը կայացվում է կոնսենսուսով, որին նրանք պետք է հասնեն Թուրքիայի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդմակցության հարցում:
Փրայսի խոսքով՝ հնարավոր է, որ Շվեդիայում տեղի ունեցածի հետևում կանգնած մարդիկ փորձում են թուլացնել միասնությունն դաշինքում և եվրոպական դաշնակիցների և գործընկերների ներսում: Դիվանագետը վստահեցրել է, որ դրանք Շվեդիայի կառավարության գործողությունները չեն: