Սևանա լճում 36 օր տևած սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքի ժամկետն ավարտվել է: Ոչ միայն լճում ու հարակից առևտրի կետերում, այլև շուկաներում խստացված ստուգայցերի ընթացքում դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան մեկ տոննա սիգ է առգրավվել:
Արմեն Արաբյան (ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ) - Այս ընթացքում առգրավվել է 1345 կիլոգրամ թարմ սիգ տեսակի ձուկ. անցած տարվա համեմատ այդ քանակը կրկնակի է:
Անցած տարվա համեմատ ավելացել է նաև հայտնաբերված ձկնորսական ցանցերի, խեցգետնաորսիչների թիվը՝ 161 ցանցի փոխարեն հայտնաբերվել է 171-ը, 52 խեցգետնաորսիչի փոխարեն 95-ը: Թվերի ավելացումը տեսչությունում բացատրում են գերատեսչությունների համակարգված աշխատանքով:
Արմեն Արաբյան - Մասնակցել են յոթ գերատեսչություններ, ոստիկանություն, ՏԻՄ մարմիններ, ՍԱՏՄ: Այս տարի ավելի խիստ է եղել վերահսկողությունը:
Առգրավվել է նաև տասը կիլոգրամ ձկնկիթ: Նույնիսկ Սևան ազգային պարկի նավի վրա հարձակումներ, ազգային պարկի աշխատակիցների հետ ընդհարումներ են եղել: Բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: Եղել են նաև դեպքեր, որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում:
Ոստիկանության մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումներից չորս դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե: Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89-րդ հոդվածի հատկանիշներով 13 վարույթով որոշում կկայացնի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Այս դեպքում տուգանքի չափը 50 հազարից 100 հազար դրամ է: