ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ-շատ քրտնաջան և բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ», - նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում համամիտ են Լաչինի միջանցքի աշխատանքը կոմերցիոն փոխադրումների համար անհապաղ վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին, որն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Թուրքիայի ընդդիմադիր «Վեցի դաշինքը» մտադիր է Անկարայում նախատեսված հանրահավաքի ժամանակ հայտարարել նախագահի իր միասնական թեկնածուին։ Ակցիան նախատեսված է մարտի 11-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից պետության ղեկավարի ընտրություններ նշանակելու մասին հրամանագրի ստորագրման հաջորդ օրը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: «Լավ» կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ հունվարի 26-ին նախատեսվող հանդիպմանը կքննարկվի ընդդիմության թեկնածուն: Ավելի վաղ Էրդողանը հաստատել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի կունենան մայիսի 14-ին:
Նա նաև հայտնել է, որ եթե խորհրդարանը չաջակցի այդ առաջարկին, ապա կօգտվի Սահմանադրությամբ իրեն տրված՝ Օրենսդիր ժողովը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքից:
ԵՄ-Ն ԵՎՍ 500 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել ևս 500 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ նախարարները համաձայնել են նաև հավելյալ 45 միլիոն եվրո տրմադրել Ուկրաինայում ԵՄ ռազմական ուսումնական առաքելության համար ոչ մահացու սարքավորումների ձեռք բերման նպատակով: Բորելը հավելել է, որ Բեռլինը պարզաբանել է, որ չի արգելի գերմանական Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա:
ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԹԵՀՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել ավելի քան 30 իրանցի պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ, որոնց մեղադրում են ցուցարարներին ճնշելու համար: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Նրանք չեն կարողանա մուտք գործել Եվրամիություն, իսկ ԵՄ-ում նրանց ունեցած ակտիվները կարող են սառեցվել:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է ԵՄ-ի և Բրիտանիայի կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Քանանին հայտնել է, որ ի պատասխան Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը՝ Իրանը շուտով կհրապարակի պատժամիջոցների իր նոր ցանկը արևմտյան պաշտոնյաների և կառույցների դեմ։