ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ, շատ քրտնաջան և բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում համամիտ են Լաչինի միջանցքի աշխատանքը կոմերցիոն փոխադրումների համար անհապաղ վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին, որն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՑԱՌԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդսմակցության հարցում:
«Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այդպես չի ստացվի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից սպասի այդ աջակցությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է հարգի Թուրքիայի և բոլոր մուսուլմանների կրոնական զգացմունքները։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցը Թուրքիա` Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով: Ակցիաներից մեկի ընթացքում աջ ազգայնական գործիչներից մեկը Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է , որ Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցությունները Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ դադարի կարիք ունեն: Նա նաև չի բացառել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի քննարկման հնարավորությունը՝ առանց Շվեդիայի:
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով միջոցներ հատկացնել` Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացման համար, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
«Մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի այն առաջնահերթ կարգով զբաղվի այդ հարցով և ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով ադրբեջանական գազի ավելացված ծավալները ստանալու համար»,- ասել է Սիյարտոն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովի հետ մամուլի ասուլիսում:
«Այս իրավիճակում պարզ կդառնա, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է Կենտրոնական Եվրոպայի մատակարարման անվտանգության համար դիվերսիֆիկացիայի կարևորության մասին մինչ այժմ հնչած խոսակցություններից քայլ կատարել դեպի իրական դիվերսիֆիկացում»,- ասել է Սիյարտոն:
ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, որը պատասխանատու էր զինված ուժերի թիկունքային ապահովման համար, հրաժարականի դիմում է ներկայացրել սննդամթերքի գնումների հետ կապված սկանդալից հետո, հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից: Աշխատանքից ազատվել են նաև նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն և գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն:
Ոկրաինական լրատվամիջոցները պաշտպանության նախարարությանը մեղադրել էին առաջնագծում զորքերին սնունդ մատակարարելու վերաբերյալ սովորականից երկու-երեք անգամ գերազանցող գնով պայմանագրեր կնքելու համար: