Որքան մոլիբդեն, պղինձ կամ ոսկի կա երկրից արտահանվող խտանյութում․ Հայաստանն այս տարվանից հավատում-վստահում է միայն և միայն միջազգային 5 լաբորատորիայի եզրակացության։ Ցանկը Կառավարությունը նախորդ շաբաթ սահմանեց։ Ընտրել են աշխարհի մասշտաբով ամենահեղինակավոր ընկերությունների, որ բացառվեն կասկածները, թե այս կամ այն խմբաքանակի մեջ բիզնեսը մետաղների ցածր տոկոս է ֆիքսում, որ քիչ հարկ վճարի, բացատրում են որոշումը հեղինակած ֆինանսների նախարարությւնից։
Արթուր Ալեքսանյան (ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկերի վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ) - Մինչև այս դրույթը սահմանելը նման ռիսկեր առկա էին, բայց մենք այդ կարգավորումները սահմանելով դրանք նվազեցրել ենք, որովհետև ընտրված են միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կազմակերպություններ, որոնք նման գործարքների չեն գնում․․․
Խտանյութի թերհայտարարագրումը սահմանափակող նորամուծությանը կողմ են նաև հանքարդյունաբերական ոլորտը կանոնակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցածների նախարարությունում։ Այն թույլ կտա խուսափել, օրինակ, պղնձի դեպքում նվազագույն 23 տոկոս պարունակությունը հենց այնպես ֆիքսելու դեպքերից՝ առանց տնտեսվարողի անուն տալու՝ գործարքների կանխամտածված կամ պատահական սխալներ է հիշում փոխնախարար Հարությունյանը։
Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Լինում են դեպքեր, երբ լաբորատոր փորձաքննությունում նշված լինի, ենթադրենք, 23 տոկոս, բայց արտահանվող խտանյությում պղնձի առկայությունը լինի մինչև 30 տոկոս, կախված թե ինչ կարգի հանքաքար է մշակվել, կարող է լինել 23 տոկոս, բայց լինի 28 տոկոս, և դրանից կախված՝ արդեն պետությանը վճարվող հարկերը կնվազեն։ Այս դեպքում, երբ գիտենք՝ լավ հեղինակություն ունեցող լաբորատորիայում են իրականացվել այդ փորձաքննությունները, շեղումները բացառում ենք:
Ընտրված լաբորատորիաները, ի դեպ, այն հիմնականներն են, որտեղ մինչև վերջերս փորձաքննվել է հայկական խտանյութը, այնպես որ՝ բիզնեսին անհարմարություն չեն պատճառել։ Հետազոտությունը՝ նախկինի պես, հիմա էլ կարող է պատվիրել և՛ խտանյութի արտադրող-վաճառողը, և՛ գնորդը արտահանման ամեն խմբաքանակի և բոլոր մետաղների համար։
Հովհաննես Հարությունյան - Ինչ վերաբերում է խտանյութերին՝ ոչ միայն պղնձի և մոլիբդենի, այլ նաև այն խտանյութերին, որոնց մեջ կա ոսկի, ցինկ և այլ մետաղներ, որոշումը կտարածվի 7 կամ 8 տնտեսվարողի վրա:
Հանքարդյունաբերող ճյուղում այս տարեսկզբից փոխված է նաև ռոյալթիների համակարգը․ կանխավճարի 25 տոկոս շեմը բարձրացվել է 30-ի։ Նոր դրույքաչափով առաջին վճարումը ընդերքից փող աշխատող բիզնեսը կկատարի ապրիլին։ Պետության ֆինանսիստները հույս ունեն, որ իրականացրած փոփոխությունների արդյունքում պղինձ-մոլիբդենի վաճառքից բյուջե մտնող գումարը կավելանա։
Արթուր Ալեքսանյան - Դա կախված կլինի մետաղների միջազգային գներից, բայց էն գները, որ եղել են վերջին երկու տարում, եթե էդ գները պահպանվեն, մենք ակնկալում են լրացուցիչ եկամուտներ․․․
Լոնդոնի մետաղական բորսայում Հայաստանի համար կարևոր մոլիբդենի, պղնձի, ոսկու գնանշումներից աչքը չկտրելով՝ Արթուր Ալեքսանյանը հիշեցնում է՝ պետությունը հրաժարվել է մետաղների կտրուկ թանկացման փուլում 6 ամսով, 2 անգամ կիրառած արտահանման տուրքից, ինչից բիզնեսը կտրուկ դժգոհեց։ Բայց չեն էլ կարող թերհարկված թողնել ընդերքում հարստացողներին․ հունվարից հարկային նոր բաղադրիչ է ուժի մեջ մտել, ըստ որի՝ հանքարդյունաբերական ընկերությունից լրացուցիչ 15 տոկոս ռոյալթի կգանձվի, եթե նրա շահութաբերությունը գերազանացի 15 տոկոսը, ինչը գոնե այս պահին շատերի մոտ է գերազանցում։
Արթուր Ալեքսանյան - Միանշանակ բարձր է 15 տոկոսից, 30 տոկոս առանձին դեպքերում կախված ընկերությունից, ընկերության ծախսերից:
Մնում է՝ մետաղների միջազգային գները չիջնեն: