Տարեսկզբին Երևանի պարեկներն Արմենակյան փողոցում նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել: Կանգնեցրել էին մեքենան: Մեքենայի բեռնախցում դանակ ու տարբեր տեսակի ատրճանակներ կային: Պարեկները 31-ամյա տղամարդուն ձերբակալեցին ու տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային երեք փաթեթ, գազային ատրճանակի 22 փամփուշտ և սպիտակ փոշենման հետքերով պոլիէթիլենային փաթեթ:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում, դատարանի որոշմամբ, Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզներն ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները խուզարկեցին ձերբակալվածի տունը՝ հայտնաբերելով փամփուշտներ: Իրավապահները խուզարկեցին նաև նրա ավտոմեքենան՝ հայտնաբերելով 8 փաթեթ մեթամֆետամին և մարիխուանա։ Բջջային հեռախոսի թվային խուզարկությամբ էլ Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով 10 փաթեթ:
Միջոցառումները շարունակվեցին։ Հունվարի 16-ին Մարաշի քրեական հետախույզներն ու տարածքային քննչական բաժնի ծառայողները Ամիրյան 15 շենքի հարևանությամբ կատարած զննությամբ հայտնաբերեցին տարբեր տեսակի թմրանյութերով լցված 7 փաթեթ՝ ընդհանուր 90 գրամից ավելի քաշով:
Նախաքննությունը շարունակվում է։