ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի և ջերմ հյուրընկալության համար:
Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:
Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից և Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:
«Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:
Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական և ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը և Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: