Ադրբեջանցի կեղծ բնապահպանների՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքների փոքր մասն է կարողանում վերամիավորվել, այն էլ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
Էթերի Մուսայելյան (ԿԽՄԿ Արցախի առաքելության մամուլի խոսնակ) - Այսօր 11 մարդ ևս Լաչինի միջանցքով՝ մեր աջակցությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվելու է ՀՀ՝ վերամիավորվելու իրենց հարազատների հետ, և մի խումբ մարդիկ էլ վերադառնալու են մեր ավտոմեքենաներով, որպեսզի հնարավորություն ունենան այստեղ վերամիավորվելու իրենց ընտանիքի հետ:
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՔՎԻ ՊՆԴՈՒՄՆ ԱՆՀԻՄՆ Է. ԱՐՑԱԽԻ ԱԳՆ
Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 44 օր պատանդ է պահում Արցախի ամբողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ, -ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Արցախի ԱԳՆ-Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում, ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։ Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն: Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ:
ԱՆՋԱՏՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
2020-ի պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված Նաիրա Զախարյանը 3 թոռներին է ուղեկցում Հայաստան: Մի քանի օրով էին Ստեփանակերտ եկել, ադրբեջանական շրջափակման պատճառով մնացել առանց ծնողական խնամքի:
Նաիրա Զախարյան (Հադրութից տեղահանված բնակիչ) - Թոռնիկներս դեկտեմբերի 10-ին եկել են՝ փոքր թոռնիկիս ծնունդն էր, մայրն էլ Գորիսում է մնում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, հակառակ ուղղությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխել 10 քաղաքացու: Կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակն ասում է՝ անկախ տեղափոխված քաղաքացիների թվից, անջատված ընտանիքների հարցն իրենց օրակարգում է:
Էթերի Մուսայելյան (ԿԽՄԿ Արցախի առաքելության մամուլի խոսնակ) - Սա երկրորդ անգամ է, որ կարողանում ենք ընտանիքներին Լաչինի միջանցքով անցկացնել, բայց մենք անընդհատ կապի մեջ էին այդ ընտանիքների հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 20-ին էլ չորս քաղաքացի էր Հայաստան տեղափոխվել, մեկ հոգի էլ՝ Արցախ: Մինչև այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ, ընդհանուր առմամբ, 26 քաղաքացի է վերամիավորվել ընտանիքի հետ, 46 մարդ էլ Արցախից Հայաստան է տեղափոխվել բժշկական անհետաձգելի օգնություն ստանալու համար: