Անհանգստացած լինելով Լաչինի միջանցքում շարունակվող իրադարձությունների կապակցությամբ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վերաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Ջոան Պոնսը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի հայ բնակիչների կյանքի նկատմամբ մարդասիրական ազդեցության կապակցությամբ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին նշված է ԵԱՀԿ ԽՎ Հաղորդակցության և մամուլի բաժնի ղեկավարի հաղորդագրության մեջ:
«Ես ուշադիր հետևել եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդագրություններին և շատ մտահոգված եմ այդ շրջանում տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա ազդեցության մասին հաղորդագրություններով, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը սահմանափակվել է արդեն մի քանի շաբաթ: Չնայած ես բարձր եմ գնահատում Լաչինի ճանապարհին շարունակվող բողոքի ակցիայի հետևանքները մեղմելու հատկապես ԿԽՄԿ-ի ջանքերը՝ կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակի շուտափույթ կարգավորումն ապահովելու համար»,- ասել է Պոնսը։
Նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Բուժար Օսմանիի կոչին՝ թուլացնելու լարվածությունը և մտնելու կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Պոնսի խոսքով՝ որքան երկար է հակամարտությունը մնում չլուծված, այնքան այն բացասաբար է անդրադառնում փխրուն խաղաղ գործընթացի վրա, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքը:
Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն ունի գործիքներ ներկայիս ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն կողմերը պետք է լիովին օգտագործեն դրանք, ինչպես նաև այլ կառավարություններ և խորհրդարաններ, «որպեսզի աջակցեն այդ գործընթացին անաչառ կերպով և ապահովեն կառուցողական բանակցությունների առաջխաղացումը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա»:
Պոնսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այդ գործընթացին ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է և օգտակար է համարվում: