Ավանդ դնելիս կամ վարկ վերցնելիս պարտադիր ստուգեք՝ արդյոք ամենաձեռնտու պայմաններով բա՞նկն եք ընտրել՝ գումարային հարցերում հաճախ խաբվող սպառողին խորհուրդ են տալիս Կենտրոնական բանկից, առաջարկում բարդ թվացող խնդիրը հեշտ լուծել՝ օգտվելով իրենց ստեղծած fininfo էջից։ Այն մեկ հարթակում, ընդամենը մի քանի րոպեում համեմատում է Հայաստանում գործող ֆինանսական բոլոր կազմակերպությունների տվյալներն ու լավագույնի սկզբունքով շարում իրար տակ։ Օրինակ՝ 7 մլն դրամ ավտովարկ փնտրելիս 3 քլիքը բավական է ճշտելու, թե տոկոսադրույքներին զուգահեռ ի՞նչ այլ վճարների առաջ եք կանգնելու պայմանագիր կնքելիս՝ բացատրում է կայքի պատասխանատուն։
Ցանկացած պրոդուկտի մասին կարելի է իմանալ ավելի մանրամասն ինֆորմացիա․ էստեղ նշվում ա հետվճարվող գումարը, փաստացի տոկոսավճարը, շատ դեպքերում միայն անվանականն են նշում, գիտեք, էստեղ բոլոր տիպի վճարները ներառված են, մարդը շատ լավ կհասկանա, ու մարման գրաֆիկներին կարող են ծանոթանալ, նաև ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Որևէ առաջարկ ընտրելիս պետք է արդեն բանկ գնալ, քանի որ հարթակով օնլայն գործարքներ չեն արվում։ Հանկարծ եթե բանկում ասեն՝ ինտերնետի գրավիչ պայմանները տեղամասերում չեն ապահովում, կանոնակարգի խախտում է՝ նամակով տեղեկացրեք գլխավոր դրամատանը՝ fininfo.am/ +(37410) 592 592 [email protected], մարդկանց հորդորում է Դավիթ Խառատյանը։ Բնակչությանը ֆինանսական որոշումներից առաջ պարզ վերլուծություններով կողմնորոշող հարթակում շուտով հնարավոր կլինի տեսնել նաև ազատականացվող ԱՊՊԱ շուկայի առաջարկները։
Դավիթ Խառատյան (ՀՀ ԿԲ ֆինանսական կրթման փորձագետ) - Ներկայումս fininfo-ն ունի 13 ծառայություն, այդ թվում՝ վարկեր են սպառողական, ուսանողական, ապառիկը, նաև ունենք հիփոթեքային վարկ, վճարային քարտ, ճանապարհային ապահովագրություն: Շատ շուտով հասանելի կլինի պարտատոմսերի բաժինը՝ թե՛ պետական, թե՛ կորպորատիվ:
Ֆինանսական աշխարհից մարդկանց հետաքրքրող թերևս միայն փոխարժեքի բաժինը չկա հարթակում։ Փոխարենը՝ սպառողը կարող է դրա օգնությամբ կողմնորոշվել նաև դրամական փոխանցումների հարցում․ ո՞ր բանկ գնալ, ի՞նչ համակարգից օգտվել, ասենք՝ երբ պետք է 10 հազար դոլար Ռուսաստան ուղարկել։
Ինչ առաջարկներ ունե՞ք՝ 36 առաջարկ գտնվել է: Նույնիսկ տևողությունն է ցույց տալիս՝ ինչքան ժամանակում կարող է լինել փոխանցումը:
fininfo.am էլեկտրոնային հարթակի արդեն նաև ֆեյսբուքյան տարբերակը կա։
Հեղինակ՝ Հերմինե Բաղդասարյան