2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսներինը՝ երկրից բացակայելու արգելքը:
Պերճ Այվազյան (Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ) - Նշված քրեական վարույթներից 6-ը արդեն իսկ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, իսկ մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Չմանրամասնելով 16-ի մեղադրանքները՝ Այվազյանը նշում է՝ դրանք հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն:
Ընդհանուր առմամբ՝ հայկական զինված ուժերի գործողությունների վերաբերյալ նախաձեռնվել է 22 վարույթ, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ՝ 24 վարույթ, որոնք քննվում են մեկ վարույթում:
Պերճ Այվազյան - Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել են 600-ից ավելի անձինք, այդ թվում՝ զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ:
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են 100-ից ավել դեպքի վայրեր: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ավերվել կամ վնասվել են համայնքապետարանի շենքեր, դպրոց, հյուրատներ, 100-ից ավելի բնակելի տներ, 1 տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, 6 զորամաս, ռազմական օբյեկտներ:
Պերճ Այվազյան - Քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թվաքանակը սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հասնում է 224 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձ է:
Այս պահի դրությամբ անհայտ է համարվում 3 զինծառայողի գտնվելու վայրը: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ նաև 17 գերու հաստատված տվյալ կար, «որոնք, սակայն, հոկտեմբեր ամսվա սկզբներին հայրենդարձվել են ՀՀ և ներկա պահի դրությամբ հաստատված գերիներ չունենք, ամեն դեպքում` հաստատված փաստ չունենք»:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինծառայողների գործողությունների վերաբերյալ նախաձեռնված վարույթներով դեռ մեղադրյալներ չկան:
Պերճ Այվազյան - Այստեղ մենք խնդիր ունենք զինծառայողների նույնականացման հետ, քանի որ հիմնականում տեսագրությունները, որ տարածվում են, նրանց դեմքերը չի երևում, դիմակներով են և հիմնականում իրենց դեմքերը աշխատում են տեսաձայնագրություններով, որպեսզի չերևա, մենք գերիների և մնացած զինծառայողների ցուցմունքներով որոշակի աշխատանքներ ենք տանում նույնականացման ուղղությամբ:
Թե ագրեսիայի հետևանքով որքան վնաս է պատճառվել 3 մարզերին, կպարզվի նշանակված համալիր փորձաքննությամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան