Հայաստանում տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նվազել է: Վիճակագրական տվյալի համաձայն՝ նախորդ տարի արձանագրվել է 4308 պատահար, որը 2021-ի ցուցանիշից պակաս է 296-ով:
Պարեկային ծառայության պետի խոսքով՝ պատահարների թվի նվազման պատճառներից մեկը պարեկների 24-ժամյա անդադար ծառայությունն է: Արթուր Ումրշատյանը որպես հաջորդ պատճառ է նշում ոչ սթափ վիճակում մեքենա վարողների նկատմամբ անզիջում պայքարը:
Արթուր Ումրշատյան (Պարեկային ծառայության պետ) - Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը մեզ ցույց է տալիս, որ վթարների հիմնական մասը, հատկապես՝ լուրջ մարմնական վնասվածքներով և զոհերով վթարների մեծ մասը տեղի է ունենում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու արդյունքում:
Պարեկային ծառայությունը 2023 թվականի համար հստակ հանձնարարական ունի՝ շարունակել իրավախախտ վարորդների նկատմամբ անզիջում պայքարը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում ապահովելու համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ:
Ումրշատյանի դիտարկմամբ` պարեկային ծառայության աշխատակիցների ներկայությունը միջպետական ճանապարհներին եւս դրական է ազդում վարորդների կարգապահության վրա: Գնդապետը, սակայն, նկատում է, որ միջպետական ճանապարհներին վթարների մեծ մասը տեղի է ունենում տեխնիկապես ոչ պատշաճ վիճակում գտնող մեքենաների պատճառով:
Արթուր Ումրշատյան - Կարող են լինել բեռնատար ավտոմեքենաներ, որոնց, օրինակ, լուսարձակները չեն աշխատում, հետևի լուսարձակները չեն աշխատում, որի արդյունքում, էլի վերլուծություն է ամբողջը, բերում է ճանապարհատրանսպորտային պատահարի, և, ցավոք սրտի, լուրջ հետևանքներով, լուրջ մարմանական վնասվածքներ ու զոհերով:
2021-ին Երևանում պարեկային ծառայության ներդրումից հետո տարվա կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 6,4 %-ով, 2021-ին արձանագրվել է 1920, իսկ 2022 թվականին՝ 1797 պատահար: Մահվան ելքով պատահարների թիվը նվազել է 32%-ով, 2021-ին եղել է 78, 2022-ին՝ 53 զոհ: 10,3%-ով էլ նվազել է վիրավորների թիվը, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2021-ին եղել է 2434, 2022-ին՝ 2183 վիրավոր:
Պատահարները նվազել են նաև Լոռու և Շիրակի մարզերում: Պարեկային ծառայության ներդրումից հետո մեկ տարվա ընթացքում Լոռիում արձանագրվել է 7,6, իսկ Շիրակում՝ 11,5%-ով պակաս պատահար: Օրերս ծառայությունը ներդրվեց նաև Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի ու Տավուշի մարզերում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան