Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են ապրանքների առևտուրը, առևտրի պաշտպանական միջոցները, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, առևտրի տեխնիկական խոչընդոտները, մաքսային համագործակցությունը և այլն:
Ըստ էկոնոմիկայի նախարարի` ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք, որից 4858-ի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրառում համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:
Վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ Կառավարության որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի դրույթներից, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակում Կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները` միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: