ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել են Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։
Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար: 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում ևս Միքայելը շատ մոտ է եղել մեդալակիր դառնալուն:
Հայաստանի ներկայացուցիչը 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ զիջելով միայն Ճապոնիայի, Նորվեգիայի և ԱՄՆ ներկայացուցիչներին: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով՝ սա, այդուհանդերձ, մեծ ձեռքբերում է մեզ համար.
«Այն, որ կարողանում ենք մրցակցել դահուկային սպորտում այդպիսի հզոր երկրների հետ, մեծ նվաճում է: Միքայելը շատ լավ հանդես եկավ ու հիանալի մարզավիճակում էր: Ցավոք, նրան մի փոքր չբավականացրեց մեդալ նվաճելու համար»:
Միքայել Միքայելյանն ավելի վաղ հանդես է եկել նաև 1500 մետր սպրինտի որակավորման փուլում, որտեղ ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ: Հունվարի 18-ին պայքարի է դուրս եկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Հսկա ոլորավայրէջքի մրցումներում նա 93 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը, իսկ հունվարի 21-ին հանդես է եկել ոլորավայրէջքում:
Այս մրցաձևում Հարությունյանը բավականին վստահ է ավարտել առաջին փորձը, սակայն չի հաջողել երկրորդում։ Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը պայքարի է դուրս եկել հունվարի 21-ին: Ի դեպ, առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում:
Զուգահեռ հսկա ոլորավայրէջքի որակավորման փուլում մեր մարզիկը ցույց է տվել 39,37 վայրկյան արդյունք և դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս մնացել մրցապայքարից: Ընդհանուր հաշվարկով Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը: Թադևոսյանը հանդես է եկել նաև զուգահեռ ոլորավայրէջքի մրցումներում և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել էին մենասահորդ Մարինա Ասոյանը և Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը: Մարինա Ասոյանը կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից, իսկ Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը գրավել է 13-րդ տեղը:
ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ Համաշխարհային ձմեռային ունիվերսիադային մասնակցել է պետական ֆինանսավորմամբ. ՀՀ Կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել:
Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27,04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: