Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը:
Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծմամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսվում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրավիճակի լիցքաթափման ջանքերին և հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար:
Կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի տեղում իրավիճակի վերաբերյալ Եվրամիության ընկալումները:
Այն նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին: Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ, նրա օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը. առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները համակարգող առաքելության ղեկավար։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Երևանը ողջունել է լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.
«Ողջունում ենք Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության առաջին փորձը հոկտեմբերին էր՝ Եվրամիությունը որոշեց Հայաստան երկու ամսով 40 փորձագետից կամված դիտորդական առաքելություն ուղարկել: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպմանը: ԵՄ առաքելությունը Հայաստանում իր աշխատանքները ավարտեց դեկտեմբերի 19-ին: Ավարտից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել էր՝ առաքելությունն ապացուցել է իր արդյունավետությունը: