Կենսաթոշակային ապահովման մասին 2019-ի դեկտեմբերին ստորագրված ԵԱՏՄ համաձայնագիրը մտնում է կիրարկման փուլ: Որոշումն ընդունվել է հունվարի 19-ի Կառավարության նիստում, որով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյայի խոսքով՝ սահմանվել են միասնական սոցիալական ծառայության քայլերը՝ ապահովելու ԵԱՏՄ պայմանագրով Հայաստանի պարտավորությունները: ԵԱՏՄ երկրներում համաձայնագիրն անցել է միջպետական վավերացման գործընթաց, ուժի մեջ մտել 2021-ի հունվարի 1-ից:
Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - Որպեսզի ԵԱՏՄ պայմանագրի շրջանակում կենսաթոշակի իրավունք քննարկվի, անձը պետք է 2021-ից հետո առնվազն մեկ տարի, որովհետև մեկ տարվա համար է կենսաթոշակը հաշվարկվում, առնվազն 1 տարի պետք է աշխատած լինի ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկում՝ Հայաստան, ՌԴ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս:
Հայաստանն անդամակցում է երկու միջազգային համաձայնագրի՝ մեկը ԱՊՀ, մյուսը՝ ԵԱՏՄ շրջանակում: ԱՊՀ միջպետական փաստաթուղթը, Գալստյանի խոսքով, հիմնված է տարածքային սկզբունքի վրա. որ պետությունում ապրեց քաղաքացին, այդ պետությունը հաշվի է առնում մյուս երկրներում ձեռք բերված ստաժը և վճարում կենսաթոշակ: Նախարարության պաշտոնյան բացատրում է. ենթադրենք՝ ինչ-որ մեկը Հայաստան է եկել Բելառուսում աշխատած ժամանակահատվածով, այստեղ կենսաթոշակ է նշանակվում Բելառուսի ստաժի համար, նույն կերպ, ենթադրենք՝ անձը հայաստանյան աշխատանքային ստաժով տեղափոխվում է ԱՊՀ որևէ երկիր, Հայաստանի ստաժի հաշվառմամբ այնտեղ է նշանակվում կենսաթոշակ:
Անահիտ Գալստյան - Որ տարածքում քաղաքացին բնակվում է, այդ պետությունն էլ վճարում է մյուս տարածքներում ձեռք բերված աշխատանքային իր բյուջեից: Սա ԱՊՀ շրջանակներում, իսկ, ա՛յ, ԵԱՏՄ-ն արդեն համամասնական է, սա նշանակում է՝ ամեն պետություն կվճարի իր տարածքում ձեռք բերած ժամանակահատվածի համար կենսաթոշակ: Ենթադրենք՝ 5 տարի ՀՀ-ում է աշխատել, 10 տարի՝ Բելառուսում և ապրում է Ղազախստանում: ՀՀ-ն 5 տարվա համար կենսաթոշակ կվճարի ՀՀ-ում, Բելառուսը՝ 10 տարվա համար կենսաթոշակ կվճարի Ղազախստանում, փոխվեց բնակության վայրը, փոխվում է միայն վճարման վայրը:
Ըստ Գալստյանի՝ ԱՊՀ, ԵԱՏՄ տարածքում մարդկանց շարժն առավել շատ է դեպի Ռուսաստան: ԱՊՀ համաձայնագիրը կտարածվի մինչև 2021 թվականը ձեռք բերած աշխատանքային ստաժի, իսկ ԵԱՏՄ-ն՝ 2021-ից հետո ձեռք բերած աշխատանքային ստաժի համար: